«Ո՞րն է Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների պաշտպանվածության գաղտնիքը: Ինչո՞ւ արդարադատության «սուրը» ոչ մի կերպ չի հասնում նրանց: Չէ՞ որ կույրի համար էլ տեսանելի է, որ այս ընտանիքի անպատժելիությունն արդեն հասարակության անվտանգությանն առնչվող լուրջ խնդրի է վերածվել: Ինչպե՞ս և ինչո՞վ բացատրել իշխանության, Սերժ Սարգսյանի այս բարեհաճությունն ու անհավանական ներողամտությունը Խաչատրյանների ընտանիքի հանդեպ: Ոմանք դա բացատրում են նրանով, որ հայտնի մականունով մարզպետը հավատարիմների «կռուգից» է, «ձայն» բերող, իշխանական հրահանգները սրբորեն կատարող: Բայց չէ՞ որ եղել են ուրիշ «նվիրյալներ» ևս, որոնք հլու-հնազանդ կատարել են վերևների հրահանգները, ձայներ բերել, պատժիչ ֆունկցիաներ իրականացրել, քսակի դեր խաղացել, բայց նման բարեհաճության չեն արժանացել: Օրինակնե՞ր՝ խնդրեմ: Հովհաննես Թամամյան՝ իշխանության հավատարիմ ոստիկանը, ով դատապարտվեց և մի քանի տարի բանտում անցկացրեց: Մարգար Օհանյան, ում նույնպես չխնայեցին:
Վազգեն Խաչիկյան, ով ոչ միայն անձնապես էր նվիրված Սերժ Սարգսյանին, այլև ՀՀԿ երիտթևի կարկառուն ներկայացուցիչներից էր. շուտով կլրանա նրան կալանավորելու 3 տարին: Գագիկ Ծառուկյան, ով իր նախագահի հասցեին ոչ մի թթու խոսք չէր արտաբերել և բազում ծառայություններ էր մատուցել իշխանություններին: Պաշտոնից, արտոնություններից զրկվածների թվարկումը կարելի է շարունակել, ինչը խոսում է այն մասին, որ նվիրումը, հավատարմությունը, ընտրություններում մատուցած ծառայությունները ոմանց համար, այնուամենայնիվ, երկարաժամկետ քարտ-բլանշ չեն եղել, հանցագործությունների կատարման ինդուլգենցիա չեն հանդիսացել: Սուրիկ Խաչատրյանի պարագայում ի՞նչ գաղտնիք կա, այս ի՞նչ բացառություն է, որ մեզ հասու չէ»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում