▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որդին պատմում է, թե ինչպես ծեծելով սպանեցին հորը. «Ժողովուրդ»

Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչները պահանջում են, որ Գեղարքունիքի մարզի դատախազ Արսեն Արսենյանն այցելի Ծովակ գյուղ եւ բացատրի, թե ինչո՞ւ է Հրավարդ Սարգսյանի (Գագիկ)  մահվան մեղավորներից մեկն ազատության մեջ:

 

Նախ հիշեցնենք տեղի ունեցածը.

Սեպտեմբերի 20-ին՝ 18:30-ին, 1995թ. ծնված Մանուկ Սարգսյանը, վարելով BMW մակնիշի ավտոմեքենա, Վարդենիս-Երեւան ավտոճանապարհի 1-ին կմ հանդիպել է դիմացից երթեւեկող Վազ-21/150 մակնիշի մեքենային, որի մեջ էին եղել 38 տարեկան Մարտին Հակոբյանը, 27 տարեկան Զոհրաբ Կարապետյանը եւ 27 տարեկան Հրանտ Շաբոյանը: Ճանապարհը չզիջելու պատճառով սկսված վիճաբանությունն ավարտվել էր Հրավարդ Սարգսյանին (Գագիկ) եւ նրա որդուն՝ Մանուկ Սարգսյանին դաժան ծեծի ենթարկելով: Դեպքից հետո Գագիկը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ մի քանի օր անց մահացել էր: Իսկ Մանուկը դեռ ամբուլատոր բուժումներ է ստանում: Այս գործով կալանավորվել են երկու հոգի՝ Հրանտ Շաբոյանը եւ Զոհրաբ Կարապետյանը: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար, պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով): Իսկ, ահա, Մարտին Հակոբյանին առաջադրված մեղադրանքը դեռեւս պարզ չէ. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նրան երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ ազատ են արձակել, քանի որ մահացածի որդին իր առաջին ցուցմունքում պնդել է, որ Մարտինը չի ծեծել հորը, այլ հակառակը՝ օգնել է:

 

Ի՞նչ է կատարվում Ծովակում

«Ժողովուրդ»-ը այցելեց Ծովակ համայնք եւ զրուցեց դաժան ծեծի հետեւանքով մահացած Գագիկի որդու՝ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող 19-ամյա Մանուկի հետ: Հենց նրա աչքի առաջ են հորը ծեծելով սպանել: Մանուկի պատմելով՝ դեպքի օրը նա հոր հետ գնացել է  Վարդենիս քաղաք՝ ատամնատեխնիկի մոտ: «Հետ վերադառնալուց մեր մեքենային մեկ այլ մեքենա ճանապարհ չէր տալիս: Ես էի մեքենան վարում, իսկ հայրիկս կողքս նստած էր: Ես ազդանշան տվեցի, մի կերպ վազանց արեցի: Հետո նկատեցի, որ իմ մեքենայի հետեւից մեքենա եկավ»:

Ըստ Մանուկի՝ իր հետեւից եկող մեքենայից իջել է Մարտին Հակոբյանը եւ գոռացել, թե. «Խի՞ ես սիգնալ տալիս, արա՛»: «Ասեցի, թե սիգնալ եմ տալիս, որ ճանապարհ տաս: Ինքն էլ ասեց, թե դու ո՞վ էս, որ մեզի սիգնալ տաս, ես քո սենց ընենց ու խփեց: Այդ ժամանակ պապան իջավ  ու տեսավ, որ ինձ խփեց, ինքն էլ խփեց Մարտինին ու այդտեղից սկսվեց: Մարտինի հետ մի հոգի էլ էր իջել, հետո մեկն էլ եկավ, ու սկսեցին անխնա ծեծել»,- պատմեց Մանուկը:

Նա վստահեցրեց, որ շատ լավ հիշում է իր հորը ծեծի ենթարկող երեքի դեմքերը՝ Մարտինի, Զոհրաբի, Հրանտի: Այստեղ Մանուկն ուշագրավ բացահայտում արեց. ըստ նրա՝ թվարկված երեքից բացի իր հորն այլ ծեծողներ էլ են եղել: «Ուազ մակնիշի մեքենա եկավ, կանգնեց, դրա մեջից էլ դուրս եկան շատ մարդիկ ու ծեծեցին: Մի խոսքով՝ ծեծողները շատ էին: Ոչ մի բան չէին լսում, մենակ խփում էին, ինձ էլ մի կողմում էին քաշքշում»:

Զրուցեցինք նաեւ մահացած Գագիկի եղբոր` Սեյրան Սարգսյանի հետ, որը շատ զայրացած էր. «Նախ այն ավտոմեքենան, որից իջել է Մարտինը, իրեն չի պատկանում: Հերիք չէ, որ ուրիշի մեքենա է վարել, որի իրավունքը չուներ, ինքն է կռիվը դրդել, մի բան էլ հիմա դուրս է գալիս, թե ինքն անմեղ է, այս ամենի հետ կապ չունի: Եղբորս գանգուղեղը կոտրված է եղել, աչքը, ծնոտը, ներքին, օրգանները սարսափելի վիճակում են եղել: Գայլերի նման հարձակվել են ու խփել: Ո՛չ սիրտ են ունեցել, ո՛չ հոգի: Հա՛, ընկած էր, տեսաք գիտակցությունը կորցրած էր, ինչո՞ւ էիք խփում: Թուրքը տենց բան չի անի»,- արցունքակալած աչքերով պատմեց Սեյրան Սարգսյանը:

Քանի որ Մանուկ Սարգսյանը դեպքից անմիջապես հետո տված իր ցուցմունքներում գրել էր, որ ինքը վիճել է վարորդի՝ այսինքն՝ Մարտինի հետ, իսկ հորը ծեծել են մեքենայից իջած մյուս երկուսը, այսինքն՝ Հրանտն ու Զոհրաբը, ավելին՝ Մարտին Հակոբյանն էլ օգնել է իրեն՝ հորը հիվանդանոց տեղափոխելու հարցում, ուստի այս հիմքով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչները որոշեցին ստորագրությամբ ազատ արձակել Մարտինին: Ի՞նչն է փոխվել, ինչո՞ւ է հիմա Մանուկ Սարգսյանը փոխում իր ցուցմունքը, ու մահացածի հարազատները պնդում են, որ նաեւ Մարտինն էլ է մեղավոր: «Ժողովուրդ»-ի այս հարցերին մահացածի եղբայրը պատասխանեց, թե. «Երբ Մանուկին հարցաքննել են, շոկային վիճակում է եղել եւ ցուցմունքում չի նշել, որ Մարտինը եւս իր հոր ծեծողներից մեկն է եղել: Պատկերացրեք՝ հայրը դաժան ծեծված, վերակենդանացման բաժնում, ինքը՝ ապրումների մեջ: Նոր-նոր է հիշում, թե ինչ եղել»:

Մեր այն հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ դեպքից հետո Մարտինն օգնել  է, որ Գագիկին տեղափոխեն հիվանդանոց, Մանուկն ասաց, որ նման բան չկա, ինքն է  հորը Վարդենիսի բժշկական կենտրոն տարել: Մինչդեռ Վարդենիսում պնդում են, որ ինչ-որ մեկը ուղղորդում է գործի ընթացքը, որպեսզի Մարտինն անպայման կալանավորվի:

 

Պահանջում են դատախազին

Մահացած Գագիկի հարազատները «Ժողովուրդ»-ի միջոցով հայտնեցին, որ պահանջում են՝ Գեղարքունիքի դատախազ Արսեն Արսենյանն անձամբ այցելի Ծովակ եւ բացատրի, թե ինչո՞ւ պետք է Մարտին Հակոբյանը գտնվի ազատության մեջ: Մահացածի եղբայր Սեյրանը հայտնեց, թե շնորհակալ է մարզային ոստիկանության ողջ կոլեկտիվի աշխատանքից, քանի որ իրենցից կախված ամեն ինչ արել են: «Իրենց գործը բռնելն էր, բռնին կամ համոզին, բերին, տվին: Բայց քննչական կոմիտեն, դատախազությունը ո՞նց կարող էին թույլ տալ, որ Մարտինը կալանավորված չլինի»:

 

Իմ որդին մարդ չի սպանել

Քանի որ մահացածի հարազատները դժգոհության սլաքն անընդհատ ուղղում էին Մարտին Հակոբյանի վրա, «Ժողովուրդ»-ը եղավ նաեւ Վարդենիս քաղաքում, որտեղ ապրում են Մարտին Հակոբյանի ծնողները: Նրա մոր՝ տիկին Ջուլիետայի խոսքով իր որդին եկել, հանձնվել է. «Իմ որդին անմեղ է, դա հաստատ է, վկաներ կան, որ նա է Գագիկին տեղափոխել հիվանդանոց: Մնացածը օրենքի ուժին ենք թողնում: Մենք մեր տղային մինչեւ հիմա չենք տեսել»: 

Նշենք նաեւ, որ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը խիստ հանձնարարականներ է տվել քննիչներին, որ նրանք Մարտին Հակոբյանի արարքին խիստ որակում տան: Ուստի չի բացառվում, որ նրա նկատմամբ նոր մեղադրանք առաջադրվի, եւ նա էլ կալանավորվի:

Հեղինակ` ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее