▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիգոֆրենիկ.«Ժողովուրդ»

Երեկ մի շարք Ռուսական լրատվամիջոցներ տեղեկություններ հրապարակեցին այն մասին, որ hունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանդի մեջ կասկածվող  ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը տառապում է սակավամտությամբ (օլիգոֆրենիա): Ավելին` ռուսական ԶԼՄ-ներից մի քանիսի հաղորդմամբ` ՌԴ զինվորական դատախազության քննիչները քրեական գործեր են հարուցել Պերմյակովի ծննդավայրի` Բալեյ քաղաքի զինկոմիսարիատի բաժնի ղեկավար Ալեքսանդր Լոգինովսկու եւ զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովի դեմ:

Նկատենք, որ տեղեկությունները, թե Պերմյակովը տառապում է հոգեկան շեղումներով, հայտնվեցին ողբերգության հաջորդ իսկ օրը, ընդ որում, հենց ռուսական պարբերականներում: Եվ այն հանգամանքը, որ ռուսական լրատվամիջոցներն այդ վարկածի ստուգման համար վատնել են ամբողջ քսանչորս օր, բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Ի վերջո, հատկապես Պուտինի` երեքօրյա ուշացումով կատարված հեռախոսազանգից հետո, երբ ռուսական ԶԼՄ-ներին թույլատրվեց լուսաբանել Գյումրիի ողբերգությունը, Պերմյակովի կենսագրությունն օրեր շարունակ ռուսական մեդիայի ուշադրության կենտրոնում էր: Նրա մասին պատրաստվեցին բազմաթիվ ռեպորտաժներ, որոնցում Պերմյակովի ընկերները, հարազատներն ու հայրը պատմում էին, թե որքան բարի տղա էր Վալերան, որքան ամաչկոտ: Պերմյակովի հայրն անգամ ասում էր, որ կրտսեր որդին այն աստիճան երկչոտ էր, որ իրենք մտավախություն ունեին՝ արդյոք նա կկարողանա ծառայել բանակում: Սակայն նա, ըստ հոր, ոչ միայն կարողացավ, այլեւ դա արեց «պատվով»` օրինակելի ծառայության համար զինվորական հրամանատարությունից պատվոգրի արժանանալով:

Ահա, այս ամենը ռուսական լրատվամիջոցներով օրեր շարունակ տիրաժավորվելուց հետո մեկ էլ ու հանկարծ ողջ մեդիան միաձայն աղաղակում է, թե Պերմյակովը տառապում էր հոգեկան հիվանդությամբ: Մինչդեռ նկատենք, որ սկզբնական օրերին Պերմյակովի` հոգեկան հիվանդ լինելու մասին ենթադրություններ անող ռուսական ԶԼՄ-ները, ցանկության դեպքում, կարող էին շատ արագ պարզել` արդյո՞ք Պերմյակովը երբեւէ բուժվել է հոգեբուժարանում, թե՞ ոչ: Ի վերջո, եթե դա այդպես էր, ապա ռուսական քարոզչությունը դժվար թե այդ փաստը թաքցնելու որեւէ մոտիվացիա ունենար: Եվ այն, որ Պերմյակովի` հոգեկան հիվանդ լինելու մասին տեղեկությունները ԶԼՄ-ների միջոցով ներկայացվում է ոճրագործությունից գրեթե մեկ ամիս անց, տեղիք է տալիս ենթադրելու, որ Պերմյակովին «գիժ սարքելու» կամ էլ նրա «գիժ լինելու» փաստը բացահայտելու հրահանգը հիմա է տրվել: Երկու դեպքում էլ կատարված հանցագործությունում Պերմյակովի ներգրավվածության շուրջ կասկածները խորանում են:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее