«Եթե մեղավոր է, պետք է պատժվի, մեղավորները բոլոր երկներում պետք է պատժվեն, բայց ոչ մեկն իրավունք չունի Հայաստանի քաղաքացու հետ անհարգալից վարվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Մոսկվայի մերձակայքում խոշոր վթարի պատճառ հանդիսացած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի ձերբակալության մասին:
Շարմազանովը ցավում է, որ նման դժբախտ դեպք է տեղի ունեցել, և բնական է համարում, որ մեղավորը պետք է պատժվի, միաժամանակ շեշտելով, որ ինչպես յուրաքանչյուր երկրի քաղաքացու, այնպես էլ ՀՀ քաղաքսցու հետ չի կարելի անհարգալից վերաբերմունք դրսևորել: ԱԺ փոխխոսնակը տեղեկացրեց, որ ինքը կապվել է Արտգործնաարարության ներկայացուցիչների հետ, ովքեր զբաղվում են այս հարցով: Նա նաև նշեց, որ Ռուսաստանում հայկական համայնքն է մտահոգված:
Հարցին, թե ինչպես է վերաբերում ռուսական լրատվամիջոցների այն հրապարակումներին, որոնցում շեշտը դրվում է նրա վրա, որ ձերբակալվածը ՀՀ քաղաքացի է, Շարմազանովը պատասխանեց, որ չի ցանկանում գույները խտացնել, քանի որ ծայրահեղությունները վտանգավոր են: Նա նկատեց, որ լուրջ չի վերաբերում բոլոր այն անհիմն հրապարակումներին, որոնք վնասում են ռազմավարական հարաբերություններին: