Արդեն երկար ժամանակ է, ինչ միջազգային լրատվամիջոցների լրահոսում մեծ տեղ են զբաղեցնում Հայաստանն ու Հայոց ցեղասպանության թեման: Ու թեեւ վատ առիթով են մեզ հիշում, այնուամենայնիվ, պատմական արդարության հասնելու տեսանելի թվացող ճանապարհով անցնելն այսօր մի տեսակ ազգային հպարտություն է առաջացրել ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիների եւ աշխարհասփյուռ հայության մոտ:
Ցեղասպանության թեման լայն թափով սկսեց լուսաբանվել աշխարհով մեկ Քիմ Քարդաշյանի եւ նրա ընտանիքի՝ Հայաստան կատարած այցի օրերից սկսած: Եւ մինչ Հայաստանի թշնամիներն ու ծպտյալ չար բարեկամները փորձում էին գռեհիկ մեկնաբանություններով Քարդաշյանի հետ նույնացնել ցեղասպանության թեման, «գործի անցավ» նրա աշխարհահռչակ ամուսինը՝ Քանյե Ուեսթը՝ Կարապի լճի մոտ անմոռանալի համերգով: Եւ հատկապես ապրիլի 12-ին աշխարհի ուշադրության կենտրոնում բացառապես մեր երկիրն էր՝ Վատիկանում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի մատուցված պատարագը, Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձը եւ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետ հռչակելը իսկական շոկ էր առաջացրել: Ու դրանից հետո Թուրքիայի հիստերիկ արձագանքն առավել տխուր իրավիճակում դրեց այդ երկրին:
Եւ որպեսզի բարկությունից անդառնալի սխալներ չգործեն, երեկ՝ իր 3.5 ժամանոց ելույթի ժամանակ, թեմայի մասին հետաքրքիր ուղերձներով խոսեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Թուրքիային եւ Վատիկանին կհաջողվի կարգավորել լարվածությունը, որն առաջացել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Պապի հայտարարությունից հետո,- հայտարարեց Պուտինը՝ հավելելով, - Ես չեմ ուզում միջամտել Պապի եւ Թուրքիայի բանավեճին: Ես Պապին այնքան հեղինակավոր մարդ եմ համարում, որ նա միջոց կգտնի բացատրվել մոլորակի բոլոր մարդկանց հետ՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից: Իսկ թուրք գործիչները ողջամտություն կունենան, նրանք խելոք մարդիկ են եւ բավական ճկուն, որ լուծեն խնդիրները»: Այս խոսքերով Վլադիմիր Պուտինը հասկացրեց Թուրքիայի իշխանություններին, որ պետք չէ Հռոմի պապի մասին որեւէ «թթու խոսք ասել», քանի որ նա մեծություն է: Ու դրանից հետո ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը էժանագին հրապարակումով հանդես եկավ՝ գրելով, թե հայ մեծահարուստ Քրք Քրքորյանը 25 մլրդ դոլարով գնել է Հռոմի պապին:
Ու քանի դեռ թուրքերը շարունակում են ագրեսիան, շատ երկրներ մեկը մյուսի հետեւից տարբեր ձեւաչափերով ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը եւ դատապարտում: Սա պայմանավորված է նաեւ Թուրքիայի նկատմամբ աշխարհում առկա վատ վերաբերմունքով, որը պետք է մենք՝ հայերս, ճիշտ օգտագործենք՝ հասնելով մեր ազգային նպատակի իրագործմանը՝ հատուցում եւ դատապարտում:
Եւ այսքանից հետո, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարվա իր ուղերձում չասի ցեղասպանություն բառը, թերեւս դրա համար լրջագույն, ծանրակշիռ բացատրություն պիտի տա ինչպես ողջ երկրագնդի կաթոլիկներին, այնպես էլ շարքային մահկանացուներին: Ի վերջո, ԱՄՆ 50 նահանգներից 45-ն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այնպես որ, նույնիսկ ԱՄՆ-ում է Օբաման մենակ մնացել:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում