«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը կեսարյան հատումով լույս աշխարհ եկած նորածին երեխա է մահացել:
Ծննդատան բժիշկները երեխայի հարազատներին ասել են, որ կեսարյան հատումը անցել է նորմալ, եւ երեխան որեւէ խնդիր չունի, սակայն երկու օր անց, երբ նորածնի հարազատները գնացել են ծննդատուն՝ երեխային տեսակցության, բժշիկներն ասել են, որ երեխան մահացել է: Տեղեկացանք, որ մահացած նորածնի հարազատները լացակումած դուրս են եկել հիվանդանոցից եւ չեն կարողացել ստանալ իրենց հարցի պատասխանը, թե ինչպես է ստացվել, որ բժիշկները հավաստիացրել են, թե փոքրիկի մոտ ամեն ինչ կարգին է, իսկ երկու օր անց նա մահացել է:
«Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ զրուցեց նորածնի մոր կեսարյան հատումն իրականացրած բժշկուհի Ռուզաննա Քեհյանի հետ: Ըստ նրա, երեխան ծնվել է նորմալ, թե հետագայում նորածնի ներքին օրգանների հետ կապված ինչ խնդիրներ են առաջացել, հնարավոր է պարզել միայն երեխայի հերձման պատասխանը ստանալուց հետո. «Ձեզ վստահեցնում եմ, որ բժիշկների անփութության եւ անգործության մասին այս դեպքում խոսել չի կարելի, քանի որ բոլորը ամեն ինչ արել են՝ կնոջը եւ երեխային օգնելու համար»:
Երեխային ծնունդն ընդունած բժշկուհի Լիլիթ Ղարիբյանն էլ վստահեցրեց, որ նորածնի տատիկին վիճակի ծանրության մասին տեղյակ են պահել.«Երեխան ծնվել է անհաս, ներարգանդային կյանքում երեխայի աճը դանդաղել է, իսկ դա նորմալ չէ: Եթե նա նորմալ էր ծնվել, դա չի նշանակում, որ հետագայում կարող էին խնդիրներ չառաջանալ: Մենք ամեն ինչ իրականացրել ենք ճիշտ ժամանակին: Երեխան սկզբի օրը խնդիր չի ունեցել, սակայն երկրորդ օրը առաջացել են խնդիրներ, եւ նա անցել է արհեստական շնչառության ապարատի տակ եւ հետո դուրս չի եկել: Պետք է Ձեզ ասեմ, որ մեկ տարի առաջ այդ նույն ընտանիքն այս նույն հիվանդանոցում անհաս երեխա էր ունեցել, ու երկու ամիս այդ երեխային պահել ենք հիվանդանոցում: Ցանկանում եմ ասել, որ մեկ տարվա մեջ այդ ընտանիքը երկու անհաս երեխա է ունենում, ինչը նորմալ երեւույթ չէ: Ինչու եմ այս մասին ասում, որ Ձեզ համար էլ հասկանալի լինի, որ իրենց մոտ էլ ամեն ինչ հարթ չէ, պետք է բուժվեն, նոր երեխա ունենան»:
Դատելով բժիշկների հավաստիացումներից` այս դեպքում, կարծես թե, խնդիրը մասնագիտական անփութությունը չի եղել, սակայն այս հարցի վերջնական պատասխանը հնարավոր կլինի ստանալ միայն փոքրիկի հերձման արդյունքների ուսումնասիրությունից հետո: Եվ այդ ժամանակ արդեն պարզ կդառնա` արդյո՞ք այստեղ անելիք ունեն իրավապահ մարմինները:
Հեղինակ` Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում