Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական համագործակցությունը քննարկման ենթակա չէ։ Այս հարցով կա կոնսենսուս եւ ոչ ոք կասկածի տակ չի դնում այդ հարաբերությունների կարեւորությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման սկզբում։
Նա նշել է, որ մտադիր է նոր ազդակ հաղորդել երկու երկրների համագործակցությանը քաղաքական եւ տնտեսական ոլորտներում՝ շեշտելով նաեւ համագործակցության կարեւորությունը ռազմատեխնիկական ոլորտում, ինչպես նաեւ այլ ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում։
Փաշինյանը բարձր է գնահատել Մոսկվայի դիրքորոշումը Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի ժամանակ՝ ընդգծելով, որ այն շատ «կառուցողական» դիրքորոշում էր։ Նա եւս մեկ անգամ շնորհավորել է Պուտինին անցած տոների առիթով, նշելով, որ շատ տպավորված է ռազմական արդյունաբերության ոլորտում Ռուսաստանի առաջընթացով, որը կարելի էր տեսնել մայիսի 9-ին Հաղթանակի օրվա շքերթի ժամանակ։
Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին համարում է տարածաշրջանում մերձավոր գործընկեր ու դաշնակից: «Սա վերաբերում է ե՛ւ տնտեսական համագործակցությանը, ե՛ւ անվտանգության հարցերին»:
«Հույս ունեմ, որ հարաբերությունները կզարգանան նույնքան առաջընթաց, որքան եղել է մինչեւ հիմա, այդ թվում՝ միջազգային համագործակցության մասով: Մասնավորապես՝ ՄԱԿ-ում, որտեղ Հայաստանը եւ Ռուսաստանը մշտապես միմյանց աջակցել են, ինչպես նաեւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում»,- ասել է Պուտինը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն երկկողմ հանդիպումներ է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդանի, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:
Կարդացեք նաև` Տեսանյութ Փաշինյան-Պուտին հանդիպումից. սկսել է նրանց տետ ա տետ բանակցությունը