▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր շեշտադրումներ

Հայոց ցեղասպանության 98-ամյակի առիթով կազմակերպված տարաբնույթ միջոցառումներում կարմիր թելի նման անցնում էր գաղափարախոսական մի կարեւոր առանցքային թեմա, որը ոչ թե սոսկ կարգախոսային բնութագիր ուներ, այլ աւելի շուտ առաջադրանքային:

Այն հստակորեն վերաբերում էր ճանաչման եւ դատապարտման պահանջատիրական ռազմավարությունից դեպի հատուցման իրաւականացում անցմանը: Սա իհարկե համատարած առաջադրանքի չի վերածվել դեռեւս։ Ճիշտ է, որ կարմիլ թելը երեւում է տարաբնույթ միջոցառումներում, այսուհանդերձ չենք կարող արձանագրել, որ համազգային համախոհություն ու համաձայնություն է կայացել այս ուղղությամբ:

Զգուշաւոր մոտեցումները հրամայական են։ Ներագզային առումով զգացվում է անհրաժեշտություն գիտակցական հողի ձեւաւորման, որը կնպաստի կանխելու հիասթափության դյուրաւ գոյառելի ալիքը։ Մեկից աւելի են այն միտումները, որոնք շրջադարձային փուլ են ակնկալում հարյուրամյակի առիթով։ Հարյուրամյակի բերելիք առանձնահատկությունը դեռեւս պարզ չի։ Այս կապակցությամբ տեղի ունեցող քննարկումները անպայման համեմատական եզրեր են ուզում որոնել Ցեղասպանության հիսնամյակի հետ, որը իրոք ներազգային առումով իրադրային նշանակություն ունեցաւ եւ համահայկական նպատակի շուրջ համախմբեց հայությունը:

Պայմանների եւ հանգամանքների տարողունակությունների տարբերությունները ճիշտ գնահատելը օգտակար կլինի այս դեպքում։ Հարյուրամյակը ի վերջո որեւէ եզրագիծ չէ, որից այս կողմ եւ այն կողմ էական տարբերություններ են լինելու:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի պաշտոնական անունը ինքնաբացատրական է։ Այն թելադրող, որոշող եւ աշխարհում գործող հանձնաժողովների հանձնարարականներ տվող հանձնաժողով չէ, այլ ուղղակի համակարգող բոլորի նախաձեռնությունները։ Համագործակցողի եւ օժանդակողի դերակատարություն ունի հիմնականում եւ ոչ թե պարտադիր որոշումներ կայացանողի:

Տարբեր խնդիր է անշուշտ, որ նման հանձնաժողովի ամենաներկայացուցչական դեմքերով հատկանշվող համընդգրկուն ձեւաչափը ինքնին կստեղծի կարեւորագույն միջավայր Ցեղասպանության նկատմամբ կիրառելի քաղաքականության շուրջ քննարկումներ ծաւալելու, ռազմավարական ուղիներ ճշտելու եւ գաղափարախոսական առանցքներ ձեւաւորելու:

Այս բոլորով հանդերձ մի քանի ուղենշային բովանդակություն ունեցող հայտարարություններ ստեղծում են որոշակի նախադրյալներ հետագաում ճշտելի առաջադրանքի ուղղությամբ։ 100-ամեակին ընդառաջ եւ Վիլսոնյան իրաւարար վճռի 90-ամյակի առիթով նախագահ Սարգսյանը խոսում էր Սեւրի պայմանագրի ներկայացրած իրաւական եւ այժմեական նշանակության մասին։ Պաշտոնական Երեւանի կողմից կատարվող հայտարարությունները եւ աւելի ուշ պետական հանձնաժողովի նիստերի քննարկումներին վերաբերող հրապարակումները բանաձեւում էին հայ ժողովրդի պատմական բոլոր իրաւունքների վերականգնման կամ Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման առաջնահերթությունները:

Իրադրային նշանակություն ունի երկու վեհափառ հայրապետների համատեղ հայտարարությունը՝ Թուրքիայից պահանջելու անհապաղ վերադարձնել հայոց վանքերը, եկեղեցիներն ու եկեղեցապատական կալվածքները։ Իրադարձությունները ագուցված էին իրար, այն առումով, որ ոչ շատ առաջ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրավիրել էր միջազգային օրենսգետներ քննարկելու համար միջազգային օրենքի համահունչ՝ հատուցման հարցը իրաւական հարթության վրա տեղադրելու համապատասխան ուղիների որոնումը:

Իհարկե իրաւականը չի կարելի տարանջատել քաղաքականից։ Խնդիրը սակայն այս դեպքում այն է, որ բոլոր նախադրյալները հուշում են, որ հարյուրամյակին ընդառաջ Հայաստանից եւ սփյուռքից հնչող շեշտադրումները խոսում են այն փաստի մասին, որ հայաստանյան խոսելաոճով Ցեղասպանության հետեւանքների վերացման կամ սփյուռքյան բառապաշարով համազգային պահանջատիրության իրաւական թղթապանակը կազմելու ուղղության վրա ենք։ Մինչեւ 100-ամյակ՝ գեթ այդ թղթապանակի հայեցակարգային նախագիծը:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее