««Ժամանակի» տեղեկություններով՝ ամիսներ առաջ տեղի ունեցած աղմկահարույց՝ քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով նախաքննական մարմնի ձեռքի տակ են հայտնվել նոր ուշագրավ ապացույցներ, որոնք ավելի են ծանրացնում գործով մեղադրյալներ Իսրայել Սարգսյանի եւ Տիգրան Ասատրյանի վիճակը: Գրում է «Ժամանակ» թերթը.
Նշենք, որ մինչ օրս նախաքննական մարմինը չի հայտնաբերել Մովսես Ներսիսյանի՝ Մոսոյի դիակը, որը, ըստ նախաքննական մարմնի, Իսրայել Սարգսյանը՝ Իսոն, նետել էր Քանաքեռավան գյուղի կոյուղու դիտահորերից մեկը: Նախաքննական մարմինը դրա մասին վկայող ձայնագրություն ունի՝ Իսոյի եւ Տիգրանի հեռախոսազրույցը, որը մինչ օրս համարվում էր գործով միակ ապացույցը: Բայց, պարզվում է, այլ ապացույցներ եւս կան, որոնք այնքան ծանրակշիռ են, որ հնարավորություն են տալիս ենթադրելու, որ Տիգրան Ասատրյանը կդատապարտվի մոտ 15 տարվա, իսկ Իսոն՝ նույնիսկ ցմահ ազտազրկման:
Իսրայել Սարգսյանի պաշտպան Գայանե Գալոյանը, սակայն, երեկ մեզ ասաց, որ դեռեւս լրացուցիչ ապացույցներ չկան, բայց մոտ օրերս հնարավոր է ինչ-որ բան լինի, քանի որ արդեն իսկ որոշ փորձաքննությունների պատասխաններ կան, որոնց փաստաբանը դեռեւս չէր ծանոթացել: «Բայց, ճիշտն ասած, ես մտածում եմ, որ նախաքննական մարմինը ապացույց չունի եւ պիտի մեղադրանքը առհասարակ հանի իմ պաշտպանյալի վրայից, ոչ թե ցմահ ազատազրկման դատապարտի»,- ասաց տիկին Գալոյանը»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում