▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման խոշոր մրցանակ դեռ չի եղել․ Մամիկոն Դանիելյանը՝ «Միսս Հայաստան 2021»-ի մրցանակային ֆոնդի, հեղինակավոր ժյուրիի և աղջիկների մասին

Մեկ տարվա դադարից հետո հունիս ամսին կկայանա «Միսս Հայաստան 2021» ազգային գեղեցկության մրցույթը։

/filemanager/uploads/2021/05/week-2/Mamikon_Miss_Hayastan.jpg

Asekose.am-ը զրուցել է «Միսս Հայաստան 2021» ազգային գեղեցկության մրցույթի կազմկոմիտեի նախագահ Մամիկոն Դանիելյանի հետ՝ մրցույթի մասնակիցների, ժյուրիի անդամների, մրցանակների և այլնի մասին։

«Կորոնավիրուսի, հետո արդեն տեղի ունեցած պատերազմի պատճառով անցած տարի մենք «Միսս Հայաստան» չունեցանք, այդ իսկ պատճառով ներկայումս մենք արդեն իսկ զբաղված ենք մրցույթի նախապատրաստական աշխատանքներով։ Փորձում ենք անել հնարավորինս, որպեսզի այն բավական բարձր մակարդակով անցկացվի»,- պատմեց Մամիկոն Դանիելյանը։

Խոսելով մասնակից աղջիկների մասին՝ վերջինս ասաց, որ իրենց արդեն իսկ 400-ից ավել հայտ են ներկայացրել և դեռ մինչև վերջնաժամկետը, ինչպես վստահորեն նշեց Մամիկոն Դանիելյանը, դեռ շատ ցանկացողներ կլինեն

«Առաջին հերթին ուրախ եմ նշել, որ մենք տարիների ընթացքում վերջապես կարողացել ենք հասնել այն արդյունքին, որ մրցույթի հանդեպ մեր աղջիկների վերաբերմունքը բավական փոխվել է։ Մեր գլխավոր նպատակներից մեկն այն էր, որ շատ աղջիկներ, ովքեր, օրինակ, նախկինում չէին դիմի մեզ, արդեն դիմում են»,- նկատեց Մամիկոն Դանիելյանը և շարունակեց

«Ունենք տարատեսակ մասնագիտություններ ունեցող աղջիկների հայտեր՝ սկսած դիպուկահարից, վերջացրած մինչև անգամ ոստիկանով։ Այն 26 աղջկա հետ, ովքեր կանցնեն քասթինգը և կհայտնվեն արդեն «Միսս Հայաստան»-ի բեմում, կաշխատեն ամենապրոֆեսիոնալ մասնագետները։ Ավելին ասեմ, որոշել ենք, որ այս տարի բոլոր աղջիկները միասին են ապրելու։ Նրանք կսովորեն բեմական խոսք, կսովորեն տիրապետել բեմական պահվածքին և քայլվածքին, մինչև անգամ կսովորեն էթիկայի կանոնները, լրագրողների հետ շփմանը, տեսախցիկների հետ աշխատելուն և այլն։ Ունենք նաև պայմանավորվածություն Աննա Դեմիրխանյանի դպրոցի մասնագետների հետ, որոնք շատ հետաքրքիր մեթոդ են առաջարկում, ըստ որի՝ աղջիկները շատ կարճ ժամանակում կդառնան ավելի ներկայանալի և ազգային գեղեցկության մրցույթին համապատասխան»,- նշեց Մամիկոն Դանիելյանը։

Ինչ վերաբերում է մրցանակներին, Մամիկոն Դանիելյանը տեղեկացրեց, որ այս տարի 1-ին հորիզոնականը գրաված մասնակցին սպասվում է աննախադեպ խոշոր մրցանակ՝ ի տարբերություն նախորդ տարիների։ 2 և 3 հորիզոնականները զբաղեցրած աղջիկներին ևս սպասվում են մրցանակներ։

«Նման խոշոր մրցանակ դեռ չի եղել»,- շեշտեց մրցույթի կազմկոմիտեի նախագահը։

«Հաղթող մասնակցին միջազգային մրցույթ ուղարկելու հետ կապված պետք է նշեմ, որ կա մի կազմակերպություն, որը մեր փոխարեն է ստացել է «Միսս Աշխարհ» և «Միսս Տիեզերք» մրցույթների լիցենզիաները, սակայն մենք կանենք ամեն բան, որպեսզի վերադարձնենք այն, ինչ իսկապես մեզ է պատկանում։ Կարծում եմ՝ 1 կամ 2 տարուց ամեն ինչ իր տեղը կնկնի»։

Իսկ թե որ կազմակերպության մասին է կոնկրետ խոսքը, Մամիկոն Դանիելյանը պատասխանեց

«Խոսքը «Միսս Արմենիա» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Գոհար Հարությունյանի կազմակերպության մասին է։ Չի կարելի ինչ-որ բաներ վերագրել ինքդ քեզ, եթե դա քեզ չի պատկանում։ Գոհարը, ով, ի դեպ, դարձել է «Միսս Հայաստան» հենց մեր՝ ազգային գեղեցկության մրցույթի շրջանակում, մի քանի անգամ տարբեր տեղերում նշել է, որ մենք իր մրցակիցն ենք։ Ասեմ ավելին, կրկին մեր մրցույթի շրջանակներում մինչ այս «Միսս Հայաստան» տիտղոսը նվաճած մյուս աղջիկների հաղթանակները Գոհարը վերագրում է իրեն և իր կազմակերպությանը, ինչն ուղղակի անթույլատրելի է։

Ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ դա չի համապատասխանում իրականությանը, և Գոհարը չի կարող մեզ մրցակից լինել, նա մեզ համար մարդ է, ով փորձում է այս ոլորտում ինչ-որ բան անել։ Այլ հարց է՝ դա իրեն հաջողվում է, թե՝ ոչ։  Ես ինքս, չնայած որ արդեն 10 տարուց ավել է այս ոլորտում եմ, ժամանակի ընթացքում շատ սխալներ եմ արել, որոնց վրա նաև սովորել եմ, բայց հիմա արդեն այնպիսի իրավիճակ է, որ մենք սխալվելու իրավունք չունենք»,- նշեց Մամիկոն Դանիելյանը։

/filemanager/uploads/2021/05/week-2/Miss_Hayastan.jpg

Վերջինս տեղեկացրեց, որ այս տարի մրցույթն ունի հատուկ խորագիր, որն է «Գեղեցկությունը կփրկի աշխարհը», մրցույթի դեսպանը «Միսս Հայաստան 2000» Քրիստինա Բաբայանն է, ով իր հերթին բավական մեծ աշխատանք է ներկայումս կատարում մրցույթի հետ կապված, մրցույթի փոխնախագահը Աննա Դեմիրխանյանն է, ռեժիսորը Սուրեն Շահվերդյանը, որպես կրեատիվ պրոդյուսեր հանդես է գալիս  Գեորգի Պողոսբեկյանը։ Կազմակերպչական հարցերով զբաղվում են մի շարք տաղանդավոր մարդիկ՝ Լուսինե Ազնավուրյան, Էլեն Ազնավուրյան, աղջիկների դիմահարդարումը ապահովելու է «Ագա Քանքանյան» իմիջ ստուդիոն, իսկ հագուստը՝ ԱՄՆ-ում շատ հայտնի Aniko fashion-ը։

Ինչ վերաբերվում է «Միսս Հայաստան 2021» ազգային գեղեցկության մրցույթի ժյուրիի անդամներին, ապա Մամիկոնն ասաց, որ իրենք փորձում են անել ամեն բան, որպեսզի որպես ժյուրի ներկայանան շատ հեղինակավոր մարդիկ՝ թե Հայաստանից, թե արտերկրից

«Շատ հեղինակավոր մարդիկ են լինելու, արդեն մի քանի հոգու հետ ունենք նախնական պայմանավորվածություն։ Նրանք պետք է որոշեն, թե 2021թ.-ին ինչպիսի կերպար պետք է ունենա հայուհին։ Ժյուրիի անդամներին ընտրելն ամենաբարդ փուլն է, քանի որ նրանց ճիշտ ընտրությունից էլ մենք ունենում ենք ճիշտ ընտրված «Միսս Հայաստան»,- մեզ հետ զրույցում եզրափակեց ազգային գեղեցկության մրցույթի կազմկոմիտեի նախագահ Մամիկոն Դանիելյանը։

 

Հեղինակ՝ Ս Խաչատրյան

 

Դիտեք նաև՝ Քրիստինա Բաբայանը՝ «Միսս Հայաստան 2021»-ի աղջիկների գրագիտության, պլաստիկ միջամտությունների և խոշոր մրցանակների մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее