▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին տնօրենն ու 5 միլիոն պահանջը. «Ժողովուրդ»

Երեւանի N 30 ավագ դպրոց պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, որը գտնվում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՊՈԱԿ-ի ենթակայության տակ, դատական հայց է ներկայացրել դպրոցի նախկին տնօրենի՝ Դոնարա Աղաջանյանի դեմ:

 

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՊՈԱԿ-ն իր ենթակայության տակ գտնվող Երեւանի N 30 ավագ դպրոց ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Դոնարա Աղաջանյանից պահանջում է 5 միլիոն 275 հազար 449 դրամ գումար: Ինչպես նկատեցինք՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն այսքանով չի բավարարվել եւ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նախկին տնօրենի գույքի դրամական միջոցների վրա արգելանք դնելու համար, ինչը գործը քննող Զարուհի Նախշքարյանը բավարարել է: «Ժողովուրդ»-ին Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից հայտնեցին, որ դատական հայցը ներկայացվել է դպրոցի նախկին տնօրենի դեմ նրա կողմից իրականացված չարաշահումների համար:

Նշենք, որ սա միակ աղմկալի պատմությունը չէ, որը կապված է դպրոցի տնօրենի հետ: Դեռեւս 2010թ. Դոնարա Աղաջանյանն ուսումնական տարվա սկզբին հեռացրել է շուրջ մեկ տասնյակ ուսուցիչների՝ պատճառաբանելով, թե նրանք չունեն բավարար կրթություն: Ուսուցիչների պնդմամբ էլ՝ ոչ միայն ոտնահարվել էին աշխատանքային օրենսգրքով նախատեսված իրենց իրավունքները, այլեւ արժանապատվությունը: Ավելին՝ դպրոցի մանկավարժների կարծիքով՝ Աղաջանյանը ժամանակավոր պաշտոնակատար դառնալու առաջին իսկ օրվանից անտեղի նկատողություններ էր տվել ու աշխատանքից ազատել մի խումբ ուսուցչուհիների:

Արդյունքում ուսուցիչները դիմել էին դատարան` փորձելով այս կերպ վերականգնել իրենց իրավունքները: «Հեռացման հրամանները կատարվել են մի շարք խախտումներով, անձինք հեռացման մասին ծանուցվել են արձակուրդում գտնվելու ընթացքում, անհիմն նկատողություն է հայտարարվել: Եթե անգամ նկատողությունը տեղին է, մեկ նկատողությամբ անձին չեն ազատում աշխատանքից՝ աշխատանքային օրենսգրքի համաձայն: Հեռացվածներից մեկը դպրոցի արհմիության նախագահ Հրանուշ Մանուկյանն է, եւ նրան աշխատանքից ազատելու համար, ըստ աշխատանքային օրենսգրքի, անհրաժեշտ էր նաեւ աշխատանքի տեսչության կազմած եզրակացությունը, որը նույնպես չի եղել»,- գրել էին նրանք:

Նկատենք, եթե 5 տարի առաջ ուսուցիչներն էին դատի տվել տնօրենին՝ իրենց իրավունքները ոտնահարելու համար, հիմա էլ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՊՈԱԿ-ն է դատական հայց ներկայացրել արդեն նախկին տնօրենի դեմ եւ պահանջում է ոչ ավել, ոչ պակաս 5 միլիոն դրամ: Թե ինչ կորոշի դատարանը, դժվար է կանխատեսել:

Նյութը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее