«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում խիստ զայրացած են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի պահվածքից եւ չեն բացառում, որ առաջիկայում ստիպված կլինի բացատրություններ տալ, թե ինչու իրեն ճիշտ չի պահում իր կուսակցի նկատմամբ։ Խոսքը երիտասարդ պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանի մասին է։
Պարզվում է՝ ԵԽԽՎ պատվիրակների շրջանում հատկապես նրա կատարած ահռելի աշխատանքի արդյունքում է, որ հունիսի 20-22-ի ամառային նստաշրջանում հնարավոր է եղել քվեարկությամբ հանել ԼՂՀ-ին վերաբերող հայտնի բանաձեւից «օկուպանտ» բառը։
Մինչդեռ օրերս տված ասուլիսի ժամանակ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց, որ ինքը եւ ընդդիմադիր որոշ պատգամավորներ են իրավիճակ փոխել: Նա մեծ հաճույքով հիշատակում էր Լեւոն Զուրաբյանի, Արմեն Ռուստամյանի եւ Նաիրա Զոհրաբյանի «ջանքերը», համառորեն մոռանալով Արփինե Հովհաննիսյանին։ Այնպես, որ անգամ ՀՀԿ-ից պատվիրակության որոշ անդամներ ապշել են Նաղդալյանի պահվածքից։
Նրանք մեզ հետ զրույցում պատմեցին, որ Արփինեն 170 պատվիրակներից մոտ 100-ի հետ բանակցել է, համոզել, որ հօգուտ Հայաստանի քվեարկեն։ Պատմեցին նաեւ, որ նա այնքան է գերլարվել, որ քվեարկության արդյունքները տեսնելով՝ սկսել է արտասվել, ու հուզմունքից թուլացել են ոտքերը՝ չի կարողացել քայլել։
Լավատեղյակներն ասում են, որ այս վերաբերմունքը մի բացատրություն ունի․ Նաղդալյանը մտավախություն ունի, որ իր տեղը, որպես պատվիրակության ղեկավարի, վաղ թե ուշ զբաղեցնելու է Արփինե Հովհաննիսյանը, ով նաեւ հզոր հովանավորներ ունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում