Նախագահ Սերժ Սարգսյանի` «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի օրերին հնչեցրած ելույթը այս օրերի ամենաքննարկվող թեմաներից էր, սակայն այն հիմնականում վերլուծության ու դիտարկումների ենթարկվեց նախագահի հնչեցրած «մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում կայանալիք ընտրություններում հաղթեր» արտահայտության համատեքստում:
Նախագահի խոսքի մեկ այլ` ոչ պակաս կարևոր դրվագ, կարծես, վրիպեց լսարանի աչքից:
Պատասխանելով պատերազմը վերսկսելու մասին Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքների վերաբերյալ հարցին, ինչպես նաև՝ Ադրբեջանի կողմից մեծ քանակությամբ սպառազինության ձեռքբերման մասին հայտարարություններին, նախագահը նշեց, որ «սպառազինություն ունենալը չի կարող երաշխիք հանդիսանալ հաղթանակի համար և ոչ մի կերպ չի կարող ազդել ուժերի հարաբերակցության վրա»:
Այս հայտարարությունը հատկապես կարևորվում է այն տեսանկյունից, որ դրանից բառացիորեն մի քանի օր հետո լրահոսում տեղեկություններ սկսեցին շրջանառվել այն մասին, որ Հայաստանը Չինաստանից գնել է ««AR1A» РСЗО հրթիռահրետանային համակարգեր:
Դեռևս պարզ չէ, թե արդյոք Հայաստանը ձեռք կբերի՞ վերոնշյալ չինական հրթիռահրետանային համակարգը, թե՞ ոչ, սակայն նախագահի ակնարկից հետո միանշանակ կարելի է պնդել, որ մոտ ապագայում Հայաստանն, այնուամենայնիվ, իր զինանոցը կհամալրի ժամանակակից սպառազինությամբ:
Այս պահին միայն կարելի է փաստել, որ միջնորդ երկրների «չեզոք հայացքների» ներքո տարածաշրջանում Ադրբեջանի սանձազերծած սպառազինության մրցավազքը նոր փուլ է մտնում:
Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը
Ֆեյսբուք