Հինգշաբթի՝ հուլիսի 11-ին մի շարք լրատվամիջոցներ հրապարակեցին մինչ այդ որևէ գործունեությամբ աչքի չընկած «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» կազմակերպության հայտարարությունն այն մասին, որ հաջորդ օրվանից Հյուսիսային պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում ստորագրահավաք է մեկնարկելու՝ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոսին կարգալույծ անելու պահանջով: Լրատվամիջոցները հայտարարությունը ստացել էին մամուլի հաղորդագրության միջոցով: Որպես ստորագրահավաքը նախաձեռնող կազմակերպության ղեկավար նշված է եղել ԵՊՀ շրջանավարտ, ոմն Հովհաննես Ղահրամանյանի անունը: Հաջորդ օրերի ընթացքում նախաձեռնության հեղինակներն այդպես էլ չհայտնվեցին ժամադրության վայրում, չնայած նրան, որ, հայտարարության համաձայն, ստորագրահավաքը տեղի էր ունենալու ամենօրյա ռեժիմով, մինչեւ երեկոյան ժամը 21-ը: «Տեղեկատվական անվտանգության և ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից անցկացված հետաքննության շրջանակներում պարզ է դարձել, որ Հովհաննես Ղահրամանյան անունով գրանցված մարդ չկա սոցցանցերում, իսկ «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միության անունը համացանցում որևէ այլ կոնտեքստում հիշատակված չէ: Կենտրոնի հարցմանն ի պատասխան ԵՊՀ-ից հայտնել են, որ Հովհաննես Ղահրամանյան շրջանավարտ մայր բուհը վերջին տարիներին չի ունեցել:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ տեղի ունեցածը դասական սադրանք էր՝ ուղղված որոշակի տրամադրությունների լարմանը և որին տրվեց մեր հասարակության մի ստվար հատված: Հայտարարությունում առկա անունները մտացածին են, անվանումները՝ հորինված:
«Տեղեկատվական անվտանգության և ազատության կենտրոնը» զերծ է մնում կատարվածի վերաբերյալ գնահատականներ տալուց՝ համարելով, որ դա պետք է լինի, առաջին հերթին, տուժած կողմի, ինչպես նաև հասարակության խնդիրը:
Աննա Հարությունյան
«Տեղեկատվական անվտանգության և ազատության կենտրոն» ՀԿ