Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է այն դերասանների ցանկը, որոնք ամենամեծ եկամուտներն են բերել հոլիվուդյան կինոստուդիաներին։ Վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել դերասանների մասնակցությամբ նկարահանված վերջին երեք ֆիլմերից ստացված եկամուտները։
Պարզվում է` Հոլիվոդի ամենաեկամտաբեր դերասանուհին Նատալի Պորտմանն է։ Դերասանուհուն վճարված յուրաքանչյուր դոլարի դիմաց կինոստուդիան ստացել է 42,7 դոլարի եկամուտ։ Օրինակ` «Սև կարապ» ֆիլմի ստեղծման համար ծախսվել է 13 միլիոն դոլար, սակայն ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 329 մլն դոլար։
Երկրորդ հորիզոնականում վամպիրական հայտնի «Մթնշաղ»-ի հերոսուհի Քրիստեն Ստյուարտն է: Նրան վճարված յուրաքանչյուր դոլարի դիմաց ֆիլմարտադրողներն աշխատել են 40,6 դոլար: Հավելենք, որ Ստյուարտը այս տարի ճանաչվել է նաև Հոլիվուդի ամենաբարձր վճարվող դերասանուհին: 2011թ մայիսից մինչև 2012 թ-ի մայիսն ընկած ժամանակահատվածում նրա եկամուտը կազմել է 34,5 միլիոն դոլար:
Ամենաեկամտաբեր աստղերի եռյակը եզրափակել է «Տրանսֆորմերներ» ֆիլմի հերոս Շայա Լաբեֆը՝ 35,8 դոլարով։ Կինոստուդիաների համար եկամտաբեր դերասանների ցանկում են նաև Ռոբերտ Պատտինսոնը, Դենիել Ռեդքլիֆը, Թեյլոր Լոտները, Բրեդլի Կուպերը, Դուեյն Ջոնսոնը, Էմի Ադամսը և Քևին Ջեյմսը։
Հիշեցնենք, որ վերջերս Forbes-ը հրապարակել էր նաև ամենա «ոչ եկամտաբեր» դերասանների ցանկը, որը գլխավորել էր հայտնի դերասան, կատակերգակ Էդի Մերֆին: