Tert.am-ը գրում է.
Այս հրապարակման նպատակն ամենևին էլ էմոցիոնալ ցնցումներ առաջացնելը չէ, դրա պակասը, կարծեմ չի զգացվում: Սա առանց լրագրողական միջամտության, կենդանի ռեպորտաժ է «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 18-ամյա զինվորի մորն արդեն չորրորդ անգամ եմ հանդիպում և այդպես էլ չեմ կարողանում որևէ հարց տալ: Բայց նա ասելիք ունի և, նախևառաջ, Հայաստանի պաշտպանության նախարարին ու խիստ կասկածում է, որ այդ նամակը կհասնի հասցեատիրոջը:
-Ես՝ Անահիտ Միշայի Մկրտչյանս… Չէ, չեմ կարողանում գրել, ախր ի՞նչ գրեմ, ո՞նց գրեմ:
-Մի րոպե, Անահիտ ջան, ախր ուշքի արի, էդ լացդ մի հատ թող, դու անպայման պիտի էս նամակը գրես. գրի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, այ էստեղ ամենավերևում, գրի: Որ չգրես, չդիմես, ո՞վ քեզ կօգնի, ախր էս վիճակում պիտի պետությունը էրեխուդ տեր կանգնի, մի քիչ սառնասիրտ եղիր ախր:
-Հա, գրեմ, հեսա. ես՝ Առաքելյան Ռուբեն Ռազմիկի…
-Էհ, էլի սաղ խառնեցիր իրար, դու՝ Անահիտ Միշայի…
-Ասի էրեխուս անունը սկզբում գրեմ, ասեմ, որ 18 տարեկան ա, ընդամենը՝ 18:
-Չէ, սպասի, սկզբում իրեն ես դիմում, գրի պարոն Օհանյան, խնդրում եմ… տո ինչ խնդրել է, հենց էլ գրի՝ պահանջում եմ, դու պիտի պահանջես: Ո՞վ ա տեսել մինուճար էրեխուն, միակ ժառանգին, որ իսկի 9 ամիս էլ չկա բանակ են տարել, տանեն դնեն առաջնագիծ…
-Չէ, էրեխուս կարող ա տենց ավելի վնաս տամ է՜, վախենում եմ, ցավդ տանեմ, սպասի, մի վռազացրու: Ես ոչ մի բան էլ չեմ ուզում իրանցից, մենակ էրեխես գոնե 50 տոկոս առողջություն ունենա, գոնե գդալը կարողանա իրա ձեռքով բերանին հասցնի, այ մենակ էդքանը, ուրիշ ոչ մի բան: Բայց էդ ո՞նց գրեմ:
-Էդ պետք չի գրել, դա մեզ հիմա ոչ մի բան չի տա:
-Ախր, տեսա՞ր, էն ֆրանսիացի բժիշկն ինչ ասեց, ասեց չէ՞, որ էրեխես ամբողջ կյանքում կարող ա ոտուձեռը չկարողանա շարժի, ասեց 5-րդ և 9-րդ ողերը վնասված են, կտրված: Վայ, Աստված ջան, ախր ես ի՞նչ անեմ, ո՞ւմ դուռը գնամ, լույսի պես, ոսկի էրեխես…
-Սպասի, էդ էլ կգրես, հիմա հլը գրի, որ Թալիշում ա վիրավորվել, ոնց, ինչ պայմաններում…
-Բա ես ինչ գիտեմ, թե ինչ պայմաններում, էդ իրանք կիմանան: Սպասի, հիմա, մի հատ տեսնեմ կարում եմ խելքս գլուխս հավաքեմ:
-Տուր տեսնեմ ինչ եղավ: Դիմում եմ Ձեզ մեծ խնդրանքով։ Ես՝ Անահիտ Միշայի Մկրտչյանս, զինվոր Առաքելյան Ռուբեն Ռազմիկի, մայր, որը…Որը ի՞նչ: Դե շարունակի…
-Շարունակություն չկա, ոչ մի շարունակություն էլ չկա: Չեմ կարում, ոչ մի բան էլ չեմ կարում գրեմ, դու վերցրու գրի, էդ իմ ասածները, իմ միակ խնդրանքը գրի, 50 տոկոս առողջություն, որ օգնեն, կանգնեն, որ իմ էրեխեն հաշմանդամ չմնա, ձեռքերս դողում են: Ուժերս հատել են, արդեն, դու գրի իմ փոխարեն, ես կստորագրեմ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում