Պարոն նախագահ՝ Սերժ Ազատի Սարգսյան
Թույլ տվեք ձեզ և ձեր վարչակազմին, իմ խորին շնորհակալությունը հայտնել:
Շնորհակալ եմ, որ դուք հանձն եք առել այն դժվարին և պատասխանատու, ինչպես նաև կեղտոտ գործի իրականացումը, որը կոչվում է հիմնատակ քանդել հինը: Անշուշտ ձեր նախագահության տարիներին, այս երկիրը անցնում է հետզհետե սպառվելու և հիմնատակ քանդվելու դժվարին գործընթացի միջով և ես հույս եմ տածում, որ մինչև ձեր նախագահական պաշտոնավարման ավարտը, կհասցնեք ավարտին հասցնել այն, ինչ սկսվել է ձեզանից առաջ և շարունակվում է մինչև օրս: Չեմ կարղ չհայտնել զարմանքս, քանի որ ձեր շնորհիվ, կատարվեց մտքի հեղափոխություն և դուք այս ժողովրդի զավակների մոտ արթնացրեցիք վաղուց թմրած զգացմունքներ: Օրինակ, հայրենիքը հեռվից սիրելու զգացողությունը, օտարության մեջ հանուն հայրենիքի աշխատելու , միաբանվելու, պայքարելու և մի շարք այլևայլ զգացողություններ: Ձեր շնորհիվ, շատերի մոտ գրելու ընդունակություններ ի հայտ եկան, շատերը սկսեցին հեղափոխություն կատարելու նոր մեթոդներ փնտրել, գտնել և մշակել, շատերը ջանացին դրանք իրագործել, շատերն էլ լծվեցին «Նոր Հայաստան» կառույցի պրոյեկտը կազմելուն: Շատերն էլ սովորեցին շախմատ խաղալ: Այսօր, մենք հասկանում ենք, որ մինչև չքանդվի հինը, դրա տեղում նորը չի կառուցվի: Եթե մենք փորձենք նորը կառուցել հին հիմքերի վրա, ապա այդ կառույցը դատապարտված կլինի փլվելու՝ վաղ, թե ուշ: Ձեր շնորհիվ ուրվագծվում է «Նոր Հայաստան» կառույցի գծապատկերը: Մենք հիմա ենք հասկանում, թե ինչպիսին չպետք է լինի այս երկրի ապագան և ինչպիսին պետք է դառնանք մենք: Մենք նույնիսկ չէինք կարող պատկերացնել, որ որպես կապալառու, երկիրը քանդելու աշխատանքները կատարելու համար, դուք կընդգրկեիք ամենաէժան աշխատուժը և մեկ քաղաքացուն այդ աշխատանքի դիմաց կվճարեիք ընդամենը 5000 դրամ: Այո, դա բավական մեծ խնայողություն էր այս երկրի բյուջեի համար:
Որպես հիշեցում, խնդրում եմ ձեզ, որ դուք մինչև հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրութուններ, ավարտած լինեիք ձեր առջև դրված պատասխանատվությունները, որպեսզի նոր երկիր կառուցելու աշխատանքները սկսվեն անվարան: Հույսվ եմ, որ կարճառոտ գրեցի ձեզ, որ չշեղեմ ձեզ կատարվող աշխատանքներից:
Հարգանքներով՝ ՀՀ քաղաքացի Մ. Համբարյան