▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նալբանդյանը Պուտինին շփոթել է Էշթոնի հետ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի իշխանությունների վարքագիծը գնալով ծիծաղելի է դառնում: Նախօրեին, օրինակ, Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, թե պաշտոնական Երեւանը ցանկանում է զարգացնել Եվրամիության հետ գործընկերությունը` հիմնվելով վերջին տարիներին համատեղ ձեռք բերված արդյունքների եւ առաջընթացի վրա: «Հայաստանն ակնկալում է հետագա քայլեր ձեռնարկել` ԵՄ-ի հետ համագործակցության իրավական նոր հիմքեր ձեւավորելու նպատակով, որը մի կողմից` կարտացոլի Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերվածը եւ, մյուս կողմից` հաշվի կառնի նոր իրողությունները»,- ասել է նա: Նալբանդյանը խոսել է նաեւ հասարակությունների միջեւ շարժունակության ընդլայնման կարեւորության մասին եւ հայտարարել, որ «Հայաստանը ցանկանում է մեկնարկել մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին երկխոսությունը` հիմնվելով մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի հաջողված փորձի վրա»:
Այս հայտարարությունները լավագույն դեպքում կարող են հեգնախառն ժպիտ առաջացնել այն առումով, որ, ինչպես Նալբանդյանն է ասել, «Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերվածը» բառի բուն իմաստով ջուրը նետվեց նույն Հայաստանի իշխանությունների կողմից` անցած տարվա սեպտեմբերի 3-ին: Պարտադրված թե կամավոր` այլ հարց է:

Իրականում Էդվարդ Նալբանդյանն իր այդ հայտարարությունները պետք է աներ ոչ թե Բրյուսելում, այլ, թող տարօրինակ չթվա` Մոսկվայում: Քանի որ Եվրամիությունը, այսպես թե այնպես, տասնյակ անգամներ ամենատարբեր մակարդակներով հաստատել է Հայաստանին ասոցիացնելու պատրաստակամությունը: Հայաստանը չի ասոցիացվել, քանի որ թույլ չի տվել Մոսկվան: Այսինքն` Նալբանդյանը շփոթել է Քեթրին Էշթոնին Վլադիմիր Պուտինի հետ: Իր ասելիքը հնչեցնելու առումով, բնականաբար: Իրականում Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիումը կարող էր լավ հարթակ դառնալ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության տապալումն ի նպաստ Հայաստանի օգտագործելու եւ եվրոասոցացումը վերսկսելու համար»:

 

 

Ուշագրավ այլ հոդվածներ`   «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее