Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը
- Ո՞ րն է եղել մանկության տարիների Ձեր երազած մասնագիտությունը:
- Կենտրոնական կոմիտեի (ներկայիս Ազգային ժողովի) շենքի վեհությունն ինձ այնքան էր գերել, որ մտովի միշտ կրկնում էի, ընտրելու եմ այնպիսի մասնագիտություն, որ աշխատեմ այնտեղ: Հետագայում իմ մանկական երազանքը համընկավ ավելի հասուն տարիքում մասնագիտություն ընտրելու որոշման կայացման հետ:
- Ձեզ համար երազանքը մնում է երազանք, թե՞ նաև նպատակ է դառնում:
- Պետք է տարբերակել երազանքի երկու տիպեր. նպատակային երազանքներ, որոնք ամբողջ կյանքի ընթացքում հանդիսանում են քո մարդկային տեսակի կայացման համար շարժառիթ, և երազանքներ, որոնց իրականացման համար ոչ մի քայլ չես ձեռնարկում: Մարդ, ում բոլոր երազանքներն իրականացել են, դատարկ է:
- Գիրք կամ ֆիլմ, որ հեղափոխել է Ձեր գաղափարները:
- Փորձում եմ մտաբերել որևէ գիրք կամ ֆիլմ, որ ինձ վրա թողել է շրջադարձային ազդեցություն, կարծում եմ, չկա այդպիսին…
Կան գրքերը, որ կրթել են, կան ֆիլմեր, որ տպավորվել են: Բայց ոչ հեղափոխել…
- Ի՞ նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել և զվարճացրել են Ձեզ:
- Միգուցե, երբ ունենամ ազատ ժամանակ, ինձ թույլ կտամ ուշադրություն դարձնել տարբեր ասեկոսեների վրա: Կզվարճանամ: Ինչու ոչ, կարող է նաև զայրանամ:
- Ձեր արած ամենամեծ խենթությունը:
- Կարծում եմ, ամեն ինչ դեռ առջևում է:
- Ի՞նչ է փողը Նաիրա Կարապետյանի համար:
- Ապրուստի միջոց:
- Կա՞ մի քայլ, որը կատարելով` զղջացել եք:
- Երբեք չեմ զղջում իմ քայլերի համար, քանի որ գտնում եմ, որ տվյալ իրավիճակում կատարած քայլերս այդ պահին ամենանպատակահարմարն էին:
- Դիմացինի մեջ, ո՞ ր հատկանիշներն են Ձեզ համար առաջնային և ո՞ ր հատկանիշներն են, որ պարզապես տանել Չեք կարողանում:
Միգուցե, պատախսանս թվա շատ տարածված՝ իմ ողջ էությամբ տանել չեմ կարողանում սուտը: Գնահատում եմ սզբունքայնությունը և նպատակասլացությունը:
- Ո՞րն է Ձեր թուլությունը:
- Կինն ինքնին համարվում է թույլ էակ:
- Տղամարդու Ձեր իդեալը:
- Հայրս:
- Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:
- Ըստ Կարլ Յունգի՝ մարդկային էգոն ձևավորվում է սեփական եսի և արտաքին աշխարհի ազդեցության արդյունքում: Ես այն եմ, ինչ ինձ շրջապատում է: Ինձ շրջապատող բոլոր մարդիկ յուրովի թանկ են ինձ համար:
- Քաղաքականության մեջ կա՞ արդյոք Ձեր դիրքից ավելիին հասնելու ձգտում:
- Իհարկե, կատարելագործվելու և զարգանալու ձգտում կա յուրաքանչյուր բանական մարդու մոտ: Եվ ես բացառություն չեմ:
- Ո՞րն է Ձեզ համար ավելի կարևոր` անձնական կյանքի դասավորումը, թե կարիերայի ստեղծումը:
- Ցանկացած կնոջ երազանքն է, որ կարիերան երբևէ չխանգարի անձնական կյանքին:
Հեղինակ` Սեդա ՂՈՒԿԱՍՅԱՆ