«Ժողովուրդ»-ը զրուցել է գրող–հրապարակախոս Զորի Բալայանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք նա պատրաստվում է Լեւոն Հայրապետյանին ազատ արձակելու կոչով նամակ գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
- Պարոն Բալայան, Լեւոն Հայրապետյանի դեմ արդեն քրեական գործ է հարուցվել, Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անել հայազգի բարերարին օգնելու համար։
- Մենք մինչեւ վերջ պետք է պնդենք, որ նրա տեղը փոխեն ու տանեն համապատասխան կլինիկա, նա չի ապրելու… ես գիտեմ նրա բոլոր ախտորոշումները ու այժմ մեր խնդիրը դա է։ Դա շատ վտանգավոր է ու իսկապես այժմ պետք է միայն այդ ուղղությամբ աշխատել։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի անպայման տեղափոխեն համապատասխան կլինիկա։ Լեւոն Հայրապետյանը 12 ախտորոշում ունի, մեկը մյուսից բարդ, սա է կարեւորը։
- Պարոն Բալայան, Դուք տարբեր առիթներով բաց նամակներով դիմել եք ՌԴ նախագահներին, վերջերս էլ գրել էիք Վլադիմիր Պուտինին՝ ԼՂ խնդրի կապակցությամբ։ Հնարավո՞ր է նման մի նամակով կրկին հանդես գաք ու ՌԴ նախագահին կոչ անենք Լ Հայրապետյանին տեղափոխել բժիշկների վերահսկողության տակ կամ ազատ արձակել։
- Իմ գրած նամակում ես նշում եմ, որ ՌԴ նախագահը պայքարում է երկակի ստանդարտների համար, որովհետեւ տվյալ դեպքում կա մի օրինակ՝ դա Ռոման Սելեզնյովն է, ով նստած է ԱՄՆ-ում, անընդհատ դիմում են, որ նա հիվանդ է ու նրան պետք է անպայման տեղափոխեն համապատասխան կլինիկա։ Նույն բանը պարոն Վլադիմիր Վլադիմիրովիչը պետք է անի իր քաղաքացու համար, ի վերջո Լեւոն Հայրապետյանն արդեն մոտ 50 տարի կամ 45 տարի է՝ ՌԴ քաղաքացի է։ Այո, հայ է, բայց նա ՌԴ-ի քաղաքացի է, ու եթե նույն ձեւով պայքարում են ԱՄՆ-ում, ուրեմն նույն ձեւով պետք է պայքարեն Մոսկվայում։ Պետք է մենք պնդենք, որ Լեւոն Հայրապետյանը ՌԴ-ի քաղաքացի է։
Հեղինակ` Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում