«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության բրյուսելյան աղմկահարույց այցից հետո թվում էր, թե Հայաստան վերադառնալուն պես Գագիկ Ծառուկյանը պետք է հայտարարեր նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին: Բրյուսելից վերադառնալուց հետո, սակայն, Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչից հետո ԲՀԿ-ն հայտնվել է անորոշ վիճակում:
168 Ժամ թերթն է անդրադարձել թեմային ու ավելացրել է, որ Սարգսյան-Ծառուկյան հանդիպման մասին տեղեկությունը չի հերքվել, սակայն այդ մասին նաև պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել: Ըստ լավատեղյակ աղբյուրների, մինչ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ էր ունենում Բրյուսելում, նրա թիմակիցներից ոմանց հետ «աշխատանքային հանդիպումներ» են ունեցել իրավապահ և հարկային մարմինների ներկայացուցիչները:
Մասնավորապես, ԲՀԿ-ական կամ ԲՀԿ-ամերձ կիսաքրեական տարրերին իրավապահ մարմիններից հասկացրել են, որ ԲՀԿ-ական գաղափարախոսությանը հավատարիմ մնալու դեպքում նրանց գործողություններն այլևս աննկատ չեն մնա: Նույնը փոխանցվել է ԲՀԿ-ական գործարարներին: Բրյուսելից վերադառնալուց հետո նշված շրջանակները Գագիկ Ծառուկյանին փոխանցել են նրա բացակայության ընթացքում տեղի ունեցածի մասին, և այդ պատճառով Ծառուկյանն ինքն է հանդիպում խնդրել Սերժ Սարգսյանից:
ԲՀԿ ղեկավարը Ս. Սարգսյանին ասել է, որ պատրաստ է կատարել նախագահի ցանկացած որոշում, սակայն Սերժ Սարգսյանը նրան փոխանցել է, որ ինքը պետք է որոշում կայացնի:
Այսինքն` Գ. Ծառուկյանը կորցրել է նախագահական ընտրություններում իր այս կամ այն քայլը որպես Ս. Սարգսյանին աջակցություն ներկայացնելու, ուստիև՝ դրա դիմաց ինչ-որ բան ակնկալելու հնարավորությունը: Կրկնում ենք, վերը նշվածը այդ հանդիպման վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկատվություն է, որը փոխանցող ԲՀԿ-ականներն ու ՀՀԿ-ականները պնդում են, թե ստացել են առաջին աղբյուրներից:
168 Ժամ թերթը հավելում է, որ ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական շրջանակներում քննարկվող այս տեղեկությունների համաձայն, Ս. Սարգսյանի հետ հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը մտածում է ոչ միայն նախագահական ընտրություններում առաջադրվելու գաղափարից հրաժարվելու, այլև ընդհանրապես քաղաքականությունից դուրս գալու մասին:
Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը դեռևս անցած տարվա փետրվարին կայացած ԲՀԿ համագումարում հայտարարել էր. «Հենց հասկանամ, որ չեմ կարողանում կատարել կուսակցության առաջնորդի պարտականությունները, արտահերթ համագումար կհրավիրեմ և հրաժարական կտամ: Իմ փոխարեն կգա նա, ով վայելում է ժողովրդի ավելի մեծ վստահությունը»:
Փաստորեն, եթե ճիշտ են ԲՀԿ-ականների նկատմամբ սկսված ճնշումների մասին տեղեկությունները, Գագիկ Ծառուկյանը հայտնվել է մի իրավիճակում, երբ չի կարողանում կատարել կուսակցության առաջնորդի պարտականությունները, այն է՝ պաշտպանել կուսակիցներին: