Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մոլդովայի ՍԴ անդամ, պրոֆեսոր, նախկին պատգամավոր Վիկտոր Պոպան, խոսելով երեկ ԱԺ-ում գրանցված միջադեպի մասին` ասել է, որ դա պաշտպանի անձնական կարծիքն էր և դա չի կարող լինել ղեկավարության կամ խորհրդարանի կարծիքը:
«Երեկ ԱԺ-ում ծայրահեղ տհաճ միջադեպ է պատահել: Դա այն տեղը չէր, և այն մարդիկ չէին, ովքեր լիազորություններ ունեին այդպիսի հայտարարություններ անել: Ես չգիտեմ՝ ով է նրան այդպիսի լիազորություններ տվել, ինչպես, ինչ սկզբունքով, ամենայն հավանականությամբ, դա նրա անձնական կարծիքն էր»,-ասել է ՍԴ անդամը՝ խոստանալով այդ հարցը պարզաբանել:
Ապա Վիկտոր Պոպան խորհրդարանի ներկայացուցիչների անունից հայտնել է.
«Մենք ցավում ենք այդ միջադեպի համար, և մեր ղեկավարությունը խոստանում է, որ սա պարզաբանումների համար հիմք է լինելու, որտեղից այսպիսի լիազորություններ, ու որտեղից նման նյութ»:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ընթացող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը «սառեցված հակամարտությունների» տարածքում» թեմայով զեկույցի ժամանակ, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը` հանդես է եկել դատապարտելի հայտարարությամբ: