«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած Արդարադատության խորհրդի անդամների ընտրություններն ավարտվել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի պարտությամբ: Նշենք, որ այդ խորհուրդը համարվում է դատավորների «դատարանը», վերահսկում է դատական իշխանության աշխատանքը եւ ենթարկում տույժերի, ուստի Վճռաբեկ դատարանի նախագահը ցանկանում է այնտեղ ունենալ բացառապես իրեն հնազանդ անդամներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հատուկենտ «անկախ» դատավորներին թելադրի իր կամքը, վախեցնի նրանց: Նշենք, որ ԱԽ անդամներին ընտրում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ (9 դատավոր, ՀՀ նախագահի եւ ԱԺ-ի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ): Եվ որպեսզի այդ 9 դատավորների կազմում հավատարիմներ ունենա, Մկրտումյանը սկսել է լոբբինգ անել իր ցանկալի թեկնածուների համար: Անգամ հուլիսի 25-ի ընտրության ժամանակ անձամբ է զանգահարել մարզային մի շարք դատավորների՝ հորդորելով ընտրել Մնացական Մարտիրոսյանին՝ որպես ԱԽ անդամ: Սակայն դատավորների մեծամասնությունը բոյկոտել է Մկրտումյանին եւ քվեարկել միանգամայն այլ թեկնածուի օգտին: Այսպիսով, Մկրտումյանն իր ղեկավարած համակարգում կամաց-կամաց կորցնում է առաջվա ազդեցությունը: Դատավորների մեծ մասը սկսել է բոյկոտել երբենի հզոր Մկրտումյանին:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Այս հոդվածը կարող եք կարդալ նաև ստորև.
ՀԱԿԱՌԱԿ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ ԿԱՄՔԻ ԸՆՏՐՎԱԾ ԱԽ ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դիրքերն իր ղեկավարած համակարգում կամաց-կամաց սկսում են երերալ: Նա կարծես թե չի տիրապետում իրավիճակին: Համենայնդեպս, արդեն երրորդ անգամ Մկրտումյանը պարտվում է արդարադատության խորհրդի անդամների քվեարկության գործընթացում:
Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով: Նախ բացատրենք, թե ինչ է արդարադատության խորհուրդը, ինչ կարեւորություն ունի այն: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Արդարադատության խորհուրդն ունի 5 հիմնական առաքելություն.
1. Կազմում եւ ՀՀ նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածությունների ցուցակը եւ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները.
2. Եզրակացություն է տալիս ներկայացված դատավորների թեկնածությունների վերաբերյալ.
3. Առաջարկում է վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների եւ դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի եւ մասնագիտացված դատարանների նախագահների թեկնածությունները.
4. Հանրապետության նախագահի հարցմամբ կարծիք է հայտնում ներման հարցերի վերաբերյալ.
5. Դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության, առաջարկ է ներկայացնում ՀՀ նախագահին դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին, դատավորին կալանավորելու, նրան՝ որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին:
Ասել է թե՝ այս խորհուրդը դատավորների «դատարանն» է, որը եւ նշանակում է դատավորներին, վերահսկում նրանց աշխատանքը եւ ենթարկում տույժերի: Բնականաբար, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Մկրտումյանն այսպիսի կարեւոր օղակը փորձում է հագեցնել իր հավատարիմ մարդկանցով:
Նշենք, որ ԱԽ-ն ձեւավորվում է 5 տարի ժամկետով ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ ընտրված 9 դատավորների, ՀՀ նախագահի եւ ԱԺ-ի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականների միջոցով:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի են ունեցել ԱԽ անդամների ընտրություններ, որոնք ավարտվել են Մկրտումյանի պարտությամբ: Ինչպե՞ս բացատրենք: Պարզվում է՝ Մկրտումյանն ունեցել է իր համար նախընտրելի թեկնածուներ, որոնց համար լոբբինգ է իրականացրել, հանձնարարել է իր ենթակա-հնազանդ դատավորներին, որպեսզի գործընկերներին հորդորեն՝ ընտրել ՎԴ նախագահի թեկնածուին, սակայն անօգուտ: Դատավորների մեծամասնությունը չի կատարել Մկրտումյանի պատվերը:
Եվ այսպես, նոյեմբեր ամսին Մկրտումյանը ցանկանում էր ԱԽ անդամ դարձնել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյանին, սակայն նրա կամքին հակառակ ընտրվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Էրնա Հայրիյանը: Այս դատավորը համարվում է պրոֆեսիոնալ, ում հետ հատկապես վիրավորանքի ու զրպարտության հայցերի հարցերով խորհրդակցում են շատ դատավորներ տարբեր ատյաններից: Նա քիչ թե շատ ինքնուրույն կերպար է, ինչը դատական համակարգում անընդունելի տեսակ է:
Երկրորդ անգամ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը պարտվեց այս տարվա փետրվարին: Նա ցանկանում էր ԱԽ անդամ դարձնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանին, սակայն ընտրվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը:
Իսկ ահա երրորդ ընտրությունը տեղի է ունեցել օրերս. հուլիսի 25-ին: Այս անգամ կարծես թե Մկրտումյանի համար «թասիբ»-ի հարց է եղել հաղթանակը, ինչի համար էլ չվստահելով իր «կատարածու» դատավորներին, անձամբ է լծվել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանի ընտրության գործին: Հայտնի «7-ի», Նիկոլ Փաշինյանի եւ այլ քաղբանտարկյալների գործով մեղադրական դատավճիռներ դատապարտած Մնացականյանին ԱԽ անդամ դարձնելու համար ՎԴ նախագահը զանգահարել է ամենատարբեր դատավորների (հատկապես մարզերում աշխատող դատավորներին, ովքեր դեռ այնքան էլ տեղեկացված չեն Մկրտումյանի օրեցօր նվազող վարկանիշի մասին) եւ հրահանգել՝ քվեարկել նրա օգտին: Սակայն չի ստացվել: Դատավորների մեծամասնությունն ունենալով առանց այդ էլ վատի ու վատթարագույնի միջեւ ընտրության հնարավորություն (բոլոր թեկնածուներն էլ եղել են Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից. Մեսրոպ Մակյան, Գագիկ Խանդանյան, Մնացական Մարտիրոսյան), ընտրել են Գագիկ Խանդանյանին: Վերջինս ՎԴ նախագահի համար ամենաանցանկալի թեկնածուն է եղել. նույնիսկ կարող էր Մակյանը ընտրվել, միայն ոչ Խանդանյանը:
Ու այսպես, չհաշտվելով պարտության այդ մտքի հետ, Մկրտումյանն իր համախոհ դատավորների միջոցով էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ է առաջադրել նույնքան սիրելի Մնացական Մարտիրոսյանին: Եվ որպեսզի այս անգամ ապահովի հաղթանակը, երկրորդ թեկնածուին հնարավորություն չի տրվել առաջադրվելու Երեւանի առաջին ատյանի դատարաններից: Այսպիսով, արդեն առանց մրցակցության Մարտիրոսյանը նույն օրը ընտրվել է հանձնաժողովի անդամ: Այս կառույցն առավել պակաս լիազորություններ ունի՝ դատավորների գլխին մահակ դարձնելու համար: Բայց ինչպես ասում են՝ անհրաժեշտության դեպքում «կաղամբն էլ միրգ է»: ՎԴ նախագահին անհրաժեշտ է համակարգի ներսում ունենալ հավատարիմների ցանց, որպեսզի նրանց միջոցով կարողանա չհնազանդվող դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հեռանկարով վախեցնել եւ իշխել:
Միակ հուսադրող բանն այս իրավիճակում այն է, որ, այնուամենայնիվ, մեր երկրում կան դատավորներ, ովքեր ինքնուրույնության փոքրիկ քայլեր են իրականացնում՝ չենթարկվելով ՎԴ նախագահին:
Հիշեցնենք, որ Մկրտումյանը խնդիրներ ունի նաեւ իր տանը՝ հարազատ եղբոր ու հոր հետ: Նախորդ տարվա դեկտեմբերին Արման Մկրտումյանի հարազատ եղբայրը՝ մասնագիտությամբ իրավաբան Ռուբեն Մկրտումյանը, ՎԴ նախագահի անձնական ունեցվածքի մասին մամուլում ուշագրավ բացահայտումներ արեց: Ըստ նրա՝ Արման Մկրտումյանի նյութական վիճակը կտրուկ սկսել է ավելանալ 1998 թվականից, երբ նա նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ: «Այն ժամանակահատվածում, որ մեծ ընտանիք էր, մենք եղբայրներով, նաեւ ծնողներով դեռ շփվում էինք: Հետագայում նա դադարեց որեւէ մեկի հետ շփվել: Բայց ես տեղեկացված եմ, որ նրա ստացած աշխատավարձը 1995, 96, 97 թվականներին հազիվ էր բավարարում ընտանեկան առօրյա հոգսերին: 1998 թվականի աշնանը նա պալատի նախագահ դարձավ, 99-ին Թումանյան փողոցում, որտեղ նա բնակվում էր, 2 սենյականոց բնակարան գնեց՝ կես տարվա մեջ... Մյուս տարի՝ 2000 թվականին, նա իր եւ այդ բնակարանները միացրեց իրար ու ամբողջ տարածքի վերեւի հարկում կառուցեց նոր բնակարան՝ մոտ 150 քմ»:
ՎԴ նախագահի եղբոր տեղեկացմամբ, Մկրտումյանը 2000թ. Պուշկին-Սարյան խաչմերուկում երկուհարկանի ահռելի տուն է գնել, Թումանյանի վրա մի բնակարան՝ դստեր անունով, Ձորաղբյուրում մի տուն ու նաեւ արտասահմանյան մակնիշների մեքենաներ:
Այսպիսով, Մկրտումյանը, ում ձեռքում է գտնվում մեր երկրի արդարադատության «մուրճը», ընդունված չէ ո՛չ իր հարազատների, ո՛չ էլ համակարգի մեծամասնության կողմից:
Հեղինակ` ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ