esyes.am-ը անդրադարձել է իր նախկին համարներից մեկում տեղ գտած Միշոյի վերաբերյալ մի նյութի, ինչի առիթով երգիչն ասել է. «Ոճային փոփոխությունս մայրիկիս էլ շոկի ենթարկեց»:
Ինչ` ինչ, բայց Միշոյից ոճային այսպիսի կտրուկ փոփոխություն անգամ մղձավանջային երազում չէինք պատկերացնի: Այդուհանդերձ, ռեփերն արդեն մի քանի օր է` բոլորովին նոր կերպարով է. նա փոխել է մազերի գույնը և փիրսինգ է արել:
Միշոն esyes.am-ի հետ զրույցում պատմել է, որ ոճային փոփոխությունը շոկի է ենթարկել նաև ռեփերի մայրիկին, կապված է նոր երգի և տեսահոլովակի հետ: «Երգը ոչ միայն փիրսինգ անելու ու մազերի գույնը փոխելու մասին ա, այլև դաջվածքի: Քանի որ շատ տղաների թվում ա, թե եթե իրանք մազերը բաց գույն ներկեցին, փիրսինգ կամ դաջվածք արեցին, դրանով իրանք հետաքրքիր կլինեն աղջիկների համար կամ կտարբերվեն մյուսներից: Իրանք չեն հասկանում, որ մենակ արտաքին փոփոխությունը շատ քիչ ա ինքնահաստատվելու ու աղջիկներին դուր գալու համար: Ես էլ ունեմ դաջվածքներ ու գիտեմ, թե դրանք մարդու համար ինչքան կարևոր են դառնում: Իմ նոր տեսքը և տեսահոլովակը հենց տենց երիտասարդների համար են: Ուզում եմ նրանց ասել, որ էդ չի կարող կյանքի նպատակ դառնա»,- ասաց Միշոն: Ըստ նրա` իր երկրպագուները հիմնականում դեռահասներն ու երիտասարդներն են, որոնց համար էլ նախատեսված է տեսահոլովակը: «Ես սիրում եմ ազատությունը, ու տեսահոլովակն էլ ազատության, ջահելության մասին ա: Ուզում եմ, որ նրանք իմանան, որ բացի լավ արդյունքից կարող ա նաև ուրիշ հետևանքներ լինեն, ինչից կարող ա փոխվի իրանց սաղ կյանքը»,- նշեց Միշոն:
Նոր` «Կյանքի նպատակ ա» տեսահոլովակը, պատրաստ կլինի այս ամսվա կեսերին: Տեսահոլովակում կլինեն նաև թիմի նոր դեմքերը, որոնք եթերում դեռ չեն երևացել:
Ապրիլմեկյան բացահայտում.
Միշոն իսկապես ունի դաջվածքներ, բայց փիրսինգ անելու կամ մազերը ներկելու համարա կարծես դեռ ոչ պատճառ, ոչ էլ ցանկություն ունի: Բացի այդ, ում ում, բայց Միշոյին այս կերպարում դժվար թե երբևէ տեսնենք: