«Ես շատ եմ հպարտանում մեր հայ ֆուտբոլիստներով, ովքեր այս դժվար պայմաններից կարողանում են դուրս գալ եւ դառնալ մեծություններ», NEWS.am Sport-ի հետ զրույցում ասել է 1998թ. «Միսս Հայաստան», 1999թ. «Միսս ԱՊՀ», 2009թ. «Միսիս Գլոբ» ամուսնացած կանանց գեղեցկության մրցույթի հաղթող Գոհար Հարությունյանը, ով հունվարի 11-ին լույս աշխարհ բերեց երրորդ երեխային։
-Գոհար, սիրո՞ւմ եք սպորտ եւ ո՞ր մարզաձեւերին եք հետեւում։
Հետաքրքրվում եմ սպորտով եւ հետեւում եմ այն մարզաձեւերին, որտեղ հանդես են գալիս մեր երիտասարդները՝ շախմատ, ֆուտբոլ, ծանրամարտ, նաեւ Օլիմպիական խաղերը։
-Մարզական ելույթները հետեւելու հատուկ ավանդույթներ կան ձեր ընտանիքում։ Սիրո՞ւմ եք մարզադաշտ գնալ։
Յուրահատուկ ավանդույթներ չունենք։ Իտալացիների հետ հավաքականի խաղին ամուսինս գնացել էր։ Ես չկարողացա միանալ նրան։ Ամուսինս ծնվել եւ մեծացել է Ռուսաստանում, բայց շատ հայրենասեր է, եւ մենք տեղափոխվել ենք Հայաստան։ Նա այդ խաղից վերադարձավ շատ տպավորված։ Շատ էր ուրախացել տեսնելով 60 հազար հայ մեկ տեղում։
-Դուք զբաղվե՞լ եք սպորտով։
Ես շատ եմ ցավում, որ փոքր տարիքում չեմ զբաղվել։ Իմ կարիերային եւ մրցույթներին շատ կօգներ սպորտը։ Հետագայում շատ երկար տարիներ զբաղվել եմ ֆիթնեսով, յոգայով, պիլատեսով։ Բնությունից տրված տվյալները բավական չեն, պետք է նաեւ սպորտով զբաղվել։
-Ձեր երեխաները հաճախո՞ւմ են մարզական խմբակներ։
Դեռ փոքր են, բայց անպայման հաճախելու են։ Փոքրիկիս մկանները շատ թույլ են։ Պետք է սպորտի գնա, որպեսզի կոփված մարմին ունենա։ Ես հաճախել եմ տարբեր խմբակների՝ երգ, նկարչություն, բայց ցավոք սպորտի չգնացի։
-Իսկ ո՞ր մարզաձեւերով է ավելի լավ զբաղվել երեխաներին Հայաստանում։
Ես շատ եմ սիրում շախմատ։ Բայց այն կարելի է ասել ինտելեկտուալ մարզաձեւ է։ Ամուսինս ասում է, որ երեխայի համար լավ է ըմբշամարտը։ Բայց երբ իրենք մեծանան, իրենք կզգան, թե ինչ է իրենց ավելի լավ։
-Եթե Դուք կազմեիք 2012-ի Հայաստանի լավագույն մարզիկների եռյակը։ Ինչպիսի՞ն կլիներ այն։
Լեւոն Արոնյան, Արսեն Ջուլֆալակյան, իսկ երրորդ տեղը կկիսեին Հենրիխ Մխիթարյանը եւ Յուրա Մովսիսյանը։
-Իսկ ո՞վ է համաշխարհային ֆուտբոլում Ձեր սիրելի ֆուտբոլիստը։
Հենց այդ երկուսը՝ Մխիթարյանն ու Մովսիսյանը։ Ես շատ եմ հպարտանում մեր հայ ֆուտբոլիստներով, ովքեր այս դժվար պայմաններից կարողանում են դուրս գալ եւ դառնալ մեծություններ։
-Ունե՞ք սիրած թիմ։
Չէ, այդպիսի թիմ չկա։ Մենք միշտ հետեւում ենք Հայաստանի ազգային հավաքականի ելույթներին։ Ամուսինս է շատ ակտիվ այդ հարցում։ Միշտ ասում է՝ այսօր Արթուր Աբրահամի մենամարտն է, պետք է դիտենք։