Հռոմի պապը դարձյալ, այս էլ քանիերորդ անգամ, աղոթել է Ուկրաինայի խաղաղության համար: Մասնավորապես, Սրբազան քահանայապետը նշել է. «Սրտումս տխրությամբ աղոթում եմ Ուկրաինայի որոշ շրջաններում տեղի ունեցող հակամարտության զոհերի համար»: Մինչ այդ, մայիսի սկզբին Ֆրանցիսկոս Պապը նամակով դիմել էր Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին` խաղաղության կոչով հանդես գալով և հույս հայտնելով, որ ուկրաինական ճգնաժամը կկարգավորվի խաղաղ ճանապարհով: Ինչ խոսք, բարի ու աստվածահաճո առաքելությամբ է հանդես գալիս Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդն իր հնարավորությունների և ընդունվածի սահմաններում` փորձելով նպաստել ուկրաինական ճգնաժամի դրական կարգավորմանը:
Անշուշտ, Հռոմի Պապը նաև մտահոգ է Ուկրաինայի տարածքում ապրող կաթոլիկ ուկրաինացիների ճակատագրով, որոնք գտնվում են Լվովի հունածես կաթոլիկ արքեպիսկոպոսարանի հոգևոր իշխանության ներքո, և նաև այդ մեսսիջը կարելի է հասկանալ Պապի ուղերձներում ու աղոթքներում, ինչպես մարտիմեկյան դեպքերից հետո Ս Աթոռի այն ժամանակվա Պետքարտուղար կարդինալ Տարչեզիո Բերտոնեի Հայաստան այցն ու հատկապես գնալը Հայաստանի այն շրջաններ, որտեղ կաթոլիկ հայեր են բնակվում, նշանակում էր, որ Սուրբ Աթոռը մտահոգ էր Հայաստանի իր հավատացյալներով:Սա ընդունված դիվանագիտություն է, որ կիրառում է Վատիկանը: Ու ճիշտ է անում. ցույց է տալիս, որ կապ չունի` ինչ ազգության են պատկանում. իր հավատացյալներն են ու ինքը տեր է իր հոտին` որպես քաջ հովիվ:
Հիմա գանք Հայաստան: Այս տարվա մայիսի 13-ին, ՌԴ Պետական Դումայի Հասարակական միավորումների ու կրոնական կազմակերպությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովը պաշտոնական նամակով դիմել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին, հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանյան թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին և Ռուսաստանի Հայերի միության նախագահ տիար Արա Աբրահամյանին` կոչ անելով միջնորդել ներկայիս ուկրաինական փաստացի իշխանությունն հանդիսացող կիևյան խունտայի ներքին գործերի նախարար ազգությամբ հայ Արսեն Ավակովի մոտ` դադարեցնելու համար Ուկրաինայի հարավարևելյան հատվածում խունտայի զինուժի ու «պռավասեկտորականների» կողմից կազմակերպված ու «պատժիչ գործողություններ»-ի անվան ներքո իրականացվող «մսաղացը»:
Չենք անդրադառնա հարցի մանրամասներին ու Արա Աբրահամյանին. վերջինիս արձագանքից հետո կարելի է ասել, ի դեմս Արա Աբրահամյանի, «մատերիալ» էլ չկա, որ անդրադառնանք, ու հույս ունենանք, որ այս ամենի ավարտից հետո նախագահ Պուտինը կանդրադառնա ու ըստ արժանվույն կպատժի այս «նորահայտ Պիղատոսին». ուղղակի կարձանագրենք. Գարեգին Բ-ն ու Եզրաս արքեպիսկոպոսը դեռ մտածում են, կողմնորոշվում պատասխանել, թե ոչ, թեև Ուկրաինայում շարունակվում է արյունահեղությունները: Ու մինչ Հռոմի Պապն աղոթում է գոնե, Կաթողիկոսը լռում է: