Այսօր համացանցում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ երեկ հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում՝ Միհրանը կրակել է ընկերոջ ոտքին:
Նշենք, սակայն, որ տեղեկությունը համացանցում տարածվելուց որոշ ժամանակ անց ըմբշամարտիկն անձամբ հերքել է այն, ավելին՝ լրատվամիջոցների հետ զրույցում ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը մանրամասներ է պատմել, թե իրականում ինչ է տեղի ունեցել.
«Նշված դեպքի հետ Միհրան Հարությունյանը որևէ առնչություն չունի: Իրականությունը հետևյալն է. Միհրանի մեքենան տեխսպասարկման համար կայանած է եղել այդ տեխսպասարկման կետում, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուքը: Իսկ այդ տեխսպասարկման կետը պատկանում է Միհրանի ընկերոջը, և նրա մեքենան հենց այդտեղ է անցել տեխսպասարկումը: Նա տեղում չի եղել. ոստիկանները, որոնք եկել են հետքերով, պարզել են, որ այդտեղ կայանված է նաև նրա մեքենան: Միայն այսքանն է Միհրան Հարությունյանի առնչությունը»,- նշել է Գիլոյանը։