Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի մայրը դիմում-խնդրանք է ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որը ներկայացնում ենք ստորև.
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին
Ոսկեվազ գյուղի բնակչուհի՝
Գայանե Ինջիղուլյանից
Դիմում-խնդրանք
Հարգարժան պարոն Նախագահ, Ձեզ դիմում է ձեր երկրի քաղաքացի, մի հայ մայր, հայ կին, ով ճակատագրի բերումով հայտնվել է անելանելի և սոսկալի իրավիճակում:
Որդիս՝ Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, ով ժամկետային զինծառայող է, գերեվարվել է ադրբեջանցիների կողմից այս տարվա օգոստոսի 8-ին և մինչ օրս գտնվում է գերության մեջ:
Միայն որդիս չէ, որ գերի է, այլ` մեր ողջ ընտանիքը, մեր հոգու անդորրը, վաղվա օրվա նկատմամբ մեր հավատը:
Թերևս կարիք չկա նկարագրելու բոլորիս, բայց հատկապես իմ՝ Հակոբի մոր, հոգի ծվատող ապրումների ողջ ահավորությունը:
Նշեմ, որ որդիս առողջական խնդիրներ ունի և նման պայմաններում այդ խնդիրներն ավելի կծանրանան:
Դուք էլ եք ծնող և պատկերացնում եք՝ գերության մեջ գտնվող երեխայի համար ծնողի սիրտը ոնց կցավի:
Գիտեմ, որ առանց այդ էլ և’ Պաշտպանության նախարարությունը, և’ ողջ պետությունը, ցանկություն ունեն անելու առավելագույնը:
Բայց ես էլ մայր եմ, ում զավակը գտնվում է մահվան ու կյանքի սահմանագծին, ով տեղյակ է հակառակորդի վայրագ վարվելաոճին և ում համար սպասումը դարձել է դժոխային տանջանք:
Ես պատրաստ եմ սեփական կյանքով փրկագնել որդուս, ցավոք` անհնար է:
Հակոբի 80-ամյա տատիկի, մեր ընտանիքի բոլոր անդամների և անձամբ իմ անունից թախանձագին խնդրում եմ` Ձեր բարձր հովանու տակ վերցնել այս խնդրի լուծումը:
Հակոբը միայն իմ որդին չէ, այլ` հոժար կամքով հայկական բանակը համալրած զինվոր, ով իր կյանքը վստահել է պետությանը:
Վստահ գիտեմ, որ գերեվարված զինվորի մոր արյուն-արցունքը անտարբեր չի թողնի ձեզ:
Երկնքում Աստծուն ենք ապավինում, երկրի վրա` Ձեզ: Ավելի հեղինակավոր մեկին չենք ճանաչում:
Հնարավորության դեպքում՝ Ադրբեջանի նախագահի հետ ձեր առաջիկա հանդիպման ժամանակ խնդրում ենք արծարծել նաև այս հարցը:
Ձեր կենսագրության փառահեղ էջերին ծանոթ ենք, գիտենք, որ նախագահ լինելուց առաջ՝ առաջին հերթին ձեր ազգի նվիրյալ զինվորն եք եղել, ուստի` ավելի լավ կպատկերացնեք իրավիճակի ողջ սարսափը:
Գերության մեջ է ձեր քաղաքացին, ձեր բանակի զինվորը, ձեր հայրենակիցը, ով կյանքի 22-րդ գարունը նոր է բոլորել, մի մատղաշ կյանք, որ այսօր ամենաշատը կարիք ունի օգնության:
Գրիչս մայրական վիրավոր սրտի արյուն-արցունքի մեջ եմ թաթախել, մեր վշտի մեջ մեզ միայնակ մի’ թողեք:
Աստված զորավիգ լինի Ձեզ:
Ակնկալում ենք Ձեր օգնությունը: