Այսօր`մայիսի 22-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում պետք է կայանար «Տիկին մինիստրուհին» ներկայացման պրեմիերան, որը բեմադրել է հրավիրված ռեժիսոր Վահե Շահվերդյանը: Սակայն Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ պրեմիերան հետաձգվել է.
«Երեկ «Տիկին մինիստրուհին» ներկայացման գլխավոր դերակատար Նարինե Ալեքսանյանը ձայնի կորուստ է ունեցել: Բժիշկների հորդորով նա պետք է 5 օր հանգստանա, ինչի պատճառով պրեմիերան տեղի կունենա մայիսի 29-ին»:
Վահե Շահվերդյանը նաև անդրադարձավ այն կարծիքներին, որոնց համաձայն «Տիկին մինիստրուհին» ներկայացումը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասին է.
«Դա հիմարություն է, միայն անգրագետ մարդիկ կարող են այդպես մտածել: Ներկայացման հեղինակ Բրանիսլավ Նուշիչն այս ստեղծագործությունը գրել է 1929 թվ-ին և մտածել, որ այն կապ ունի Հասմիկ Պողոսյանի հետ, ուղղակի տգիտության հետևանք է: Նշեմ, որ «Տիկին մինիստրուհին» ներկայացումը խաղացել են աշխարհի տարբեր բեմերում»:
Եզրափակելով զրույցը` ռեժիսորը կարծիք հայտնեց իր բեմադրություններում քաղաքականություն տարրեր օգտագործելու մասին.
«Ինքս երբեմ չեմ փորձել դա և դրա կարիքն էլ չեմ ունեցել: Եթե նայեք իմ բեմադրությունների ցանկն ամեն ինչ կհասկանաք»:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան
Կարող եք կարդալ նաև Վահե Շահվերդյանի որդու` ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի հարցազրույցը: