Աշխարհում, կարծես թե, ամեն ինչ սկսում է ՄԻԱ-ՄԻԱ դառնալ: Խնդրեմ` երկբևեռ աշխարհը դարձավ ՄԻԱբևեռ ու հիմա երկու բևեռներում ապրող սպիտակ արջերն ու պինգվինները մի բևեռում են ապրելու, և արջերը կխժռեն պինգվիններին, կամ էլ պինգվինները կծրտեն արջերի վրա:
Իշխանավորները դառնում են ՄԻԱբջիջ ու սկսում են բազմանալ կիսվելով: Նկատենք` վտանգավոր արագություն է: Մարդիկ դառնում են ՄԻԱսեռական: Սրանք, թվում է, չեն կարող բազմանալ, բայց բազմանում են, որպես բազմացման օրգան ընտրելով մարմնի այլ մասեր, օրինակ` բերանները: Պատկերացրեք միասեռական միաբջիջ իշխանավորն ինչպես է բազմանում. սյուրռեալիստական պատկեր է:
ՄԻԱգիծ են դառնում ապագա տանող երկաթգծերն ու երթուղային տաքսիների գծերը:
ՄԻԱձույլ են դառնում մեծահարուստներն ու քրեականները` ստեղծելով քրեաօլիգարխիկ իշխանություն:
ՄԻԱձայն են դառնում կուսակցականները ընդհանուր կերակրատաշտի մոտ` խը՜ռը-խը՜ռը, գը՜ռը-մը՜ռը:
Երկու լարի վրա խաղացող իշխանությունների քաղաքականությունը դառնում է ՄԻԱլար, ՄԻԱպաղաղ ու ՄԻԱմուտք:
«ՄԻԱնշանակ» բառը դառնում է միակտուց, ներեցեք, դեղնակտուց լրագրողներից մինչև բադակտուց պատգամավորների ՄԻԱԿ բառը:
Պետությունից անջատված եկեղեցին նորից ՄԻԱնում է պետությանը և, քանի որ ունի հնազանդ կառավարելու բազմադարյան փորձ, սկսում է պետության փոխարեն ինքը իր 2000-ամյա թրծված գաղափարներով կրթել նոր սերունդը և բրթել առաջ հինը:
Ինչպես ասել են մեծերը` մեր փրկությունը մեր հավաքական, միասնական ուժի մեջ է: Այդ պատճառով էլ Հայաստանում ՄԻԱհամուռ ուժերով հաստատվեց ՄԻԱպետականություն. ո՞վ է դեմ:
Ընդդիմության ու իշխանության բերնի ջրերը մի առվով չէին գնում, կամաց-կամաց դարձան ՄԻԱբերան ու ՄԻԱբանվեցին:
Իշխանության համար հայրենիքը դարձավ ՄԻԱնգամյա օգտագործման առարկա:
ՄԻԱտեղենք մեր ջանքերը, բարեկամներ, ՄԻԱսնանանք, ՄԻԱսմբակ մեր բարեկամներին չմոռանանք:
Միա՜ու-Միա`ու...Մարդիկ դառնում են Միա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet