Asekose.am-ը ներկայացնում է Հասմիկ Պապյանի պարզաբանումը մեր կայքում հրապարակված մի նյութի առիթով.
«Asekose-ի հարգարժան հոդվածագիր՝
Ա. Գրիգորյանին,
Անկեղծ ասած տարակուսում էի գրել թե՞ոչ, սակայն հասկացա, որ Ձեր գրառումը խորքում բավականին «ինտրիգային» է:
Այդ իսկ պատճառով, ստորև մի փոքր պարզաբանում:
Այո, ես խնդրել էի հնարավորության դեպքում Տոսկա-ի իմ ներկայացմանը գալ առանց ծաղիկների:
Ասեմ, որ ես տեղյակ չէի, որ տիկ. Ռիտա Սարգսյանը այդ օրը նույնպես ներկա է լինելու դահլիճում:
Բոլորովին պայման չէ, որ նա տեղեկացված լիներ իմ հորդոր-խնդրանքին:
Եվ վերջում, հայտնում եմ Ձեզ, որ իմ դաստիարակությունը երբեք թույլ չէր տա «չընդունել» նվերը, ում կողմից էլ որ այն ուղարկված լիներ:
Մեկ նկատառում միայն՝
ինձ համար անսովոր էր, բարձրախոսով ծաղիկները նվիրողի անունը հայտնելը:
Ինչ վերաբերում է մշակույթի նախարարության կողմից ինձ հանձնվելիք մեդալին, պետք է ասեմ, որ այո, ես խնդրել էի, որ այդ օրը հանդիսատեսի ներկայացումից ստացած տպավորությունը չմիջամտվի ինձ ոսկե մեդալի հանձնումով, այլ մարդիկ դահլիճից հեռանան Պուչչինիի անմահ ստեղծագործության տպավորությամբ:
Այդ պատճառով մեդալը ինձ հանձնվեց հաջորդ օրը, Մշակույթի նախարարությունում:
Թախանձագին խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին, չօգտագործել իրենց կարելիությունները իմ անունը առավել «հանրայնացնելու» համար: Ես դրա կարիքը բոլորովին չունեմ:
Հարգանքով Ձեր՝
Հ. Պապյան»
Հետգություն հեղինակի կողմից.
Թբիլիսիից, որտեղ շարունակում եմ իմ ուսումը, հարգանքներս եմ փոխանցում մտավորական Հասմիկ Պապյանին ու նորանոր հաջողություններ մաղթում բեմում և օպերային թատրոնում:
Իսկ սիրված երգչուհու այս պարզաբանում-գրառման տակ մեկնաբանություններ թողած որոշ գործընկերներիս ու նրանց գործելաոճին «մի փոքր պարզաբանում» էլ կներկայացնեմ հարմար առիթով:
Ա.Գրիգորյան