Կան արդեն շատ երեխաներ, ովքեր վերադառնում են ու ցանկանում են ուսումը շարունակել դպրոցներում: Իմ խնդրանքն ու կոչն է, որ առաջին հերթին տնօրեններն աջակցեն այդ ներգաղթյալ երեխաներին ու նրանց ծնողներին, որ ներառումը հեշտ լինի, ու խնդիրներ չառաջանան:
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ըստ նրա՝ պետք է այնպես անել, որ այդ երեխաների վերադարձը դյուրին լինի, որ հիասթափություններ նրանց համար չլինեն:
Նա կոչ է արել անհրաժեշտության դեպքում, եթե խնդիրներ կան, զանգահարել մարզպետարանների կամ նախարարության համապատասխան վարչության ղեկավարներին: «Ես զանգեր եմ ստանում ՌԴ-ից, որ ասում են, որ երեխաս օրինակ՝ ավարտել է 6-րդ դասարանը, սակայն տնօրենն ասում է, որ վերադառնալու դեպքում չի կարող 7-րդ դասարանում շարունակել ուսումը:
Մի՛ արեք այդպիսի բաներ»,-ասել է նա:
Նախարարը կոչ է արել նաև աշակերտներին, որ լինեն ներգաղթյալ երեխաների կողքին: