ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը հայտարարություն է տարածել, որով ներողություն է խնդրել օրեր առաջ Ազգային Ժողովում «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի հետ տեղի ունեցած միջադեպի համար, որի ժամանակ նա վիրավորել էր լրագրողին՝ ասելով.«Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:
Պատգամավորի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ափսոսում եմ մի քանի օր առաջ Ազգային ժողովում իմ եւ Ա1 պլյուս հեռուստաընկերության լրագրողի միջեւ տեղի ունեցածի համար: Այո՛, հարգարժան լրագրողին հաջողվեց ինձ նյարդայնացնել, հետո ամենը խնամքով մոնտաժելով՝ աղավաղել իրողությունը: Բայց դա երեւի այլեւս կարեւոր էլ չէ:
Սա թերեւս հենց այն դեպքն է, երբ եւ՛ լրագրողը, եւ՛ պատգամավորը մեր ողջ հասարակությունից, մասնավորապես բոլոր լրագրողներից ներողություն խնդրելու կարիք ունեն. մեկը՝ լրագրողական էթիկան խախտելու, մյուսը՝ պատգամավորական: Ես անկեղծորեն իմ ափսոսանքն եմ հայտնում նյարդային պահին հնչած խոսքերի համար»: