Վերջերս` մասնակցում էի մի հարսանեկան հանդիսության: Ինչ արած,այս երկրում ով է իր տեղում...Բոլորի նման` ստեղծագործող-արվեստագետ,մտավորականն էլ ունի գոյատևման իր բաժին իրականությունը: Ես չգիտեմ այս կոչումներից որևէ մեկին հավակնում եմ արդյոք,թե ոչ / առանց քնքույշ համեստության ձևականության եմ ասում /,բայց իմ հանդիսատեսի բազմահազարանոց ծափահարությունների իրողությությունն հուշում է գոնե,որ հավանաբար ինչ որ բան, ամեն դեպքում, ներկայացնում եմ ինձանից:
"Ծաղիկներ" երգիս` շատերին պարզունակ թվացող բովանդակության ներքո թաքնված մեր իրականության խորությունը չհասկացած,իբրև` արվեստ հասկացող ու գնահատող բազմաթիվ իշխանավորներ ու օլիգարխներ շտապեցին կենաց-կոչումներ ինձ ընծայել,երգի` վերելքին զուգընթաց:
Ուրախացա...
Հասկացան ուրեմն:
- Միամիտ մարդ:
Հիմա հաճախ եմ ինքս ինձ այսպես հեգնում...
... Հանդիսության մասնակիցներից մեկն աչքի էր ընկնում:
Ցանկացած անծանոթ մեկն հեշտությամբ գլխի կընկներ,թե վերջինս մարդու` որ " տեսակին ",որ կարգին է պատկանում: Մեզանում, այդպիսիք յուրահատուկ` պահվածք ու " շարմ " ունեն...
/ ինձ համար երբևէ նշանակություն չեն ունեցել " աթոռներն " ու դրանց կաբինետային ծագումները:Ինձ համար բոլորն հավասար են,հայ մարդիկ,հայ հանդիսատես /:
-Բա,մենք էսօր քո էն լավ երգը չենք լսելու:
" Կարմիր " փողկապավորն այսպես սկսեց մեր երկխոսությունն ինձ` մատով մոտ կանչելու անհաջող փորձ անելուց հետո,երբ միևնույնն է,իմ ճանապարհն իր սեղանի մոտով էր անցնելու...
Սիրալիր` շնորհակալությունս հայտնեցի,ներողություն խնդրելով,որ վատառողջ լինելուս պատճառով,պարզապես, ի վիճակի չեմ լինի ի կատար ածել նրա խնդրանքն ու չնայած հեռացա, մեղմ ասած... վաստակած անբարեհաճ դժգոհություն ի պատասխան,բայց նաև թաքուն ոգևորություն ապրեցի ու ափսոսանք,որ ստիպված եղա մերժել:
Ինչպես հետո պարզվեց, պատվելու շարժառիթը բնավ էլ` կապված չէր երգս գնահատելու հետ: " Կարմիր " փողկապավորն ընդամենը ցանկացել էր ինձ` " "երգացնել"...Մեզանում,դա սովորական մի արարողակարգ է:Եթե որևէ վայրում ներկա է ինչ որ` իշխանավոր կամ փողատեր,շուրջ բոլորը պետք է երգեն ու պարեն` ինչպես,և ինչքան ցանկանան " աղաները ":
Փողկապավորն իհարկե հեռացավ ձեռնունայն:Հուսամ` գիտակցած,թե որքան չգնահատված որպես` իմ կողմից... Բայց առջևում ինձ սպասող երկար գիշերն` ինչեր միայն չստիպեց դառնորեն ծամել...
" փաստորեն` սեփական երկրում անգամ մեկ հատիկ անկեղծ գնահատականի հնարավոր չէ հավակնել:Ինչպես ապրել` ուղեղն ստամոքսից,խիղճը` գրպանից,արժանապատվությունը`ստորությունից չտարբերող իրականության մեջ:Բանսարկու,գործ տվող ու սարքող,նողկալի ու դավադիր,չգիտեմ էլ ինչ,չգիտեմ ինչքան,Էս է ձեր մոգոնած երկիրը" :
Հիմա արդեն չեմ համեստանում,երբ "փողկապավորներից" շատերը գնահատականներ են շռայլում իմ հասցեին...Մանկան նման չեմ ոգևորվում`աչքից հեռու գուցե թռչկոտում,որ ասելիքս գնահատվեց ու հասկացվեց,ուրեմն օգտակար կլինի` փոխելու ինչ որ բան:Չեմ միամտանում,որ իմ երկրում երբևէ չեն ուրացվել ավանդույթներն այն մասով գոնե,որ վերաբերում է արվեստի-մշակույթի մարդկանց հանդեպ յուրահատուկ հարգանքին ու գնահատանքին:Չեմ զարմանում... երբ հենց` " իրենց " մատնացույց անող " Ծաղիկներ " երգս,ցանկություն են հայտնում լսել` հենց " իրենք "...
Մեզանում` հարգանքն այլ կատեգորիա է:
Այն չափվում է` տգիտության,և արդյունքում կուտակած ունեցվածքի` կիլոգրամներով...
Մեզանում հարգանքն այլ կատեգորիա է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet