Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը, որը փետրվարին հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն «դարձրել էր» ուկրաինացի նկարիչ, փոխել է մոտեցումը՝ նրան որպես հայ նկարիչ ներկայացնելով։
Այժմ նկարչի կտավներն ուղեկցող գրություններում նշված է նրա ազգությունը, գրում է ՌԲԿ-ն։
Փետրվարի 12-ին հայտնի դարձավ, որ թանգարանն Այվազովսկուն որպես ուկրաինացի նկարիչ է ներկայացրել։ Մինչ այդ հայտնի ծովանկարիչն Արևմուտքում ավանդաբար ներկայացվում էր որպես գեղանկարչության ռուսական դպրոցի ներկայացուցիչ։
Դրանից հետո տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Գեորգի Հակոբյանը «Ղրիմ 24»-ի եթերում հայտարարել էր, որ Ղրիմի հայ համայնքը միանշանակ դիրքորոշում ունի՝ Այվազովսկին ծնվել է հայկական ընտանիքում, Ռուսական կայսրության Թեոդոսիա քաղաքում և ոչ մի կերպ չի կարող ուկրաինացի լինել։
Այժմ Ղրիմում ծնված և ստեղծագործած Այվազովսկու «Նավը՝ լուսնի լույսի տակ» կտավն ուղեկցվում է հետևյալ գրությամբ՝ «հայ, ծնվել է Ռուսական կայսրությունում (այժմ՝ Ուկրաինա)»։