▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր շոու բիզնեսի ներկայացուցիչներն արդեն սկսել են վախենալ երաժշտական մրցանակաբաշխությունից. Գոռ Հարությունյան

Մարտի 21-ին տեղի է ունենալու Դար 21 հեռուստաընկերության կողմից կազմակերպված տարվա ամփոփիչ ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը, որին ներկա են լինելու հայկական երգարվեստի մի շարք հայտնի երգիչ, երգչուհիներ և որի ընթացքում հանձնվելու են մի շարք անվանակարգերում ընտրված լավագույնների մրցանակները: Aseksoe.am-ի թղթակիցը զրուցել է հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանի հետ՝ պարզելու անվանակարգերում ներկայացված արտիստների ընտրության, քվեարկության արդարացիության, մրցանակաբաշխությունից հետո առաջացած դժգոհությունների և այլ հարցերի մանրամասները:
 

Արդեն 9-րդ տարին անընդմեջ Դար 21 հեռուստաալիքը կազմակերպվում է տարվա ամփոփիչ երաժշտական մրցանակաբաշխություն, որի ժամանակ ըստ ոլորտի մասնագետների, ինչպես նաև մի շարք հաղորդավարների քվեարկության` ընտրվում են լավագույնները: Եթե փորձեք ամփոփել` ի՞նչ եք կարծում, այն կարողացել է այս տարիների ընթացքում շահել հեռուստադիտողների վստահությունը:

Այո, քանի որ մեր մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելուց հետո միշտ ստացվել է այնպես, որ դժգոհություններ չենք լսել, ինչպես որ լինում է այլ մրցանակաբաշխություններից հետո: Այսինքն՝ կարելի է ասել, որ թե ժյուրիի անդամների, և թե մեր հեռուստադիտողների կարծիքները համընկել են, ովքեր ինչ-որ սպասելիքներ են ունեցել տվյալ մրցանակաբաշխությունից:

Այս տարի անցկացվող մրցանակաբաշխության ժյուրիի կազմում ընդգրկվել են որոշ լրատվամիջոցներ ևս: Հետաքրքիր է՝ ի՞նչ հանգամանքներից ելնելով դա արվեց: Այն էլ ավելի տարածելո՞ւ և լուսաբանելո՞ւ, թե՞ հենց նրանց կողմից քվեարկության ճշմարտացիությունը կասկածի տակ չդնելու համար:

Քանի որ նախորդ տարիների համեմատ մեր շոու բիզնեսի ներկայացուցիչներն արդեն սկսել են վախենալ մասնակցությունից, որովհետև հաղթողներին ընտրում էին հենց նրանք, ինչից պարզ էր դառնում՝ ով ում էր ընտրում: Դրանից ելնելով՝ տարեց տարի նրանք սկսեցին հրաժարվել մասնակցությունից: Այդ պատճառով էլ մենք որոշեցինք այս տարի փակ քվեարկություն անցկացնել, հրավիրել ճանաչված մարդկանց, լրատվամիջոցների, որովհետև վերջիններս ամբողջ տարվա ընթացքում ծանոթանում են դաշտին և ձևավորում իրենց սեփական կարծիքը: Նրանք շատ լավ գիտեն, թե տարվա ընթացքում ով է աչքի ընկել, ով է ակտիվորեն աշխատել և հակառակը:

Այս ամենից անմասն չմնացին նաև հեռուստադիտողները, ովքեր մարտի 15-ին հնարավորություն ունեցան Հյուսիսային պողոտայում կայանալիք քվեարկությանն իրենց քվեները տալ սիրելի արտիստներին: Հեռուստադիտողներին քվեարկելու հնարավորություն է ընձեռվել, որովհետև նախորդ տարիներին հանրային մարդկանց կողմից կողմնակալ վերաբերմո՞ւնք եք նկատել:

Նախորդ երկու տարիների ընթացքում ֆեյսբուքի միջոցով էինք իրականացնում քվեարկությունը, բայց հետո ֆեյսբուքը «լցնելու» վտանգ առաջացավ, այսինքն՝ լայքերը գնելու, այդ պատճառով որոշեցինք, որ հասարակությունը ոչ թե լայք անելով քվեարկի, այլ՝ գա, կանգնի և քվեարկի:

Հետաքրքիր է, արդյո՞ք այդ ամենն  իրեն արդարացրեց: Շա՞տ էր ընտրողների քանակը, որոնք լուրջ վերաբերեցին այդ ամենին:

Պետք է ասեմ, որ՝ այո: Անկեղծ կլինեմ և կնշեմ՝ վախենում էի, որ մարդիկ չեն գա և չեն քվեարկի, բայց, ի ուրախություն մեզ, բազմաթիվ պատահական անցորդներ մոտենում էին մեզ և քվեարկում իրենց սիրելի արտիստների օգտին: Կարելի է ասել, որ մեր որոշումն իսկապես արդարացրեց մեր սպասելիքները:

Իսկ հեռուստադիտողի քվեարկության ընթացքում որևէ դժգոհություններ չեղա՞ն:

Դժգոհություններ գրանցվել են հիմնականում երգչուհի Ջուսի վերաբերյալ: Նրա երկրպագուները նրան ցանկանում էին տեսնել «Տարվա լավագույն տեսահոլովակ» և «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգերում: Սակայն «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում նա չէր կարող լինել, քանի որ նրա վերջին՝ «Love Song» տեսահոլովակում բազմաթիվ կիքսեր կային և բացի այդ, այն իր սցենարային առումով իրենից շատ լուրջ բան չէր ներկայացնում, իսկ  «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում նա չէր կարող լինել, քանի որ հաշվետու տարվա ընթացքում նա պետք է ունենար գոնե երկու տեսահոլովակ, IZANG հաղորդման ընթացքում զանգերի պատվերների քանակ, «Հայ 10»-ում հաջողություններ և Youtube-ում գոնե 400 հազար դիտում երկու տեսահոլովակների գումարով:

Ի վերջո, իսկ ինչպե՞ս և ի՞նչ չափանիշներով են ընտրվում մյուս անվանակարգերում ներկայացված արտիստները:

Մյուս անվանակարգերի դեպքում, օրինակ՝ «Լավագույն տեսահոլովակ»-ի, շատ մեծ ուշադրություն ենք դարձրել թե սցենարային գծին, թե ռեժիսորական լուծումներին, «Լավագույն հիթ»-ի պարագայում ուշադրություն ենք դարձրել այն փաստին, թե տվյալ կատարումը տարվա ընթացքում ինչ արձագանքներ է ունեցել ոչ միայն մեր հեռուստաեթերում, այլ՝ առհասարակ, «Լավագուն այլընտրանքային կատարում» անվանակարգի դեպքում ավելի շատ խորհրդակցել ենք ոլորտի մասնագետների հետ, «Լավագույն պարային տեսահոլովակ» անվանակարգում հաշվի ենք առել խորեոգրաֆիկ լուծումները, իսկ, օրինակ, «Լավագույն Cover»-ը վերցրել ենք եղածներից ամենաստացվածները:

Այս տարի անցկացվող մրցանակաբաշխության մեջ ընդգրկվել են մի քանի նոր անվանակարգեր՝ «Տարվա այլընտրանաքային լավագույն կատարում» և  «Տարվա Cover»:  Ո՞րն էր պատճառը, որ դրանք մինչ այս ընդգրկված չէին անվանակարգերում՝ դաշտն էր ազա՞տ, թե՞ պարզապես արժանիներ չկային:

Ոչ թե արժանիներ չկային, այլ մենք 8 տարի շարունակ ունեցել ենք նույն անվանակարգերը. նախորդ երկու տարիների ընթացքում ավելացրել էինք «Տարվա արտիստ»-ը, որի հաղթողին ֆեյսբուքի քվեարկության արդյունքում էինք որոշում, բայց հետագայում ֆեյսբուքում կատարվող խարդախությունների պատճառով որոշեցինք հանել այն: Բացի այդ, այս տարի անվանակարգերից բացակայում է նաև «Տարվա խումբ»-ը, քանի որ հայկական ընդամենը երկու խումբ է ակտիվ գործունեություն ծավալում: Հենց այստեղից էլ որոշում կայացվեց ավելացնել այս երկու նոր անվանակարգերը:

Ի՞նչ է տեղի ունենալու բուն մրցանակաբաշխության օրը: Բացի աստղային գեղեցիկ կերպարներից և մրցանակներից, այլ նորություններ կլինե՞ն:

Մրցանակների հանձնումից բացի, լինելու է նաև համերգային ծրագիր, որը փորձել ենք կազմել այնպես, որ հնարավորինս դինամիկ լինի: Ինքս կաշխատեմ այնպես անել, որ բուն մրցանակաբաշխությունը երկու ժամից ավել չտևի: Ելույթ կունենան տարբեր երգիչ, երգչուհիներ, օրինակ՝ Ալլա Լևոնյանը, Էրիկը, Սոնան, Լուսինե Աղաբեկյանը, Նորայր Մելքոնյանը, Լիլիթ Կարապետյանը, Արման Թովմասյանը, Ռազմիկ Ամյանը և այլոք: «Տարվա լավագույն երգչուհի» և «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգերում նոմինացված արտիստներից, ցավոք, ելույթ չեն ունենալու Լիլիթ Հովհաննիսյանը և Միհրան Ծառուկյանը, քանի որ նրանք այդ օրը Հայաստանում չեն լինելու:

Իսկ վերջում, կցանկանայի տեղեկանալ, թե որպես հայկական երաժշտական ալիքի գլխավոր պրոդյուսեր ի՞նչ կխոստանաք ձեզ հետևողներին:  Նոր հաղորդումներ, հեռուստատեսային դեմքեր  և անակնկալներ  սպասվո՞ւմ են:

Քանի որ Դար 21 հեռուստաընկերությունը որպես էդպիսին չունի հստակ նոր եթերաշրջան, որի մասին ազդարարվում է և հենց այդ ժամանակահատվածից էլ սկսվում են հեռարձակվել նոր հաղորդումներ, հնարավոր է, որ հենց ապրիլ ամսին նոր ծրագրեր ունենանք: Մեզ մոտ այդ ամենն անընդհատ մշակվում է: Այնպես որ, մեզանից անակնկալներ միշտ պետք է սպասել:


Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее