▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր շոու-բիզնեսը սահմանափակվում է մի քանի հեռուստանախագծերով և ավարտվում «Եվրատեսիլ» կոչված աղբով.Կարեն Գրիգորյան

Iravunk.com-ը հյուրընկալել  է  երգահան Կարեն  Գրիգորյանին` պարզելու  նրա  տևական  լռության  պատճառը: Մի  քանի  տարի  առաջ  ուսման նպատակով Լոնդոն մեկնելուց հետո,  երգահանը վերադարձավ Հայաստան, այլ հայկական շոու-բիզնես տեսավ, եւ, կարելի է ասել` հիասթափություն ապրեց: Սակայն ստեղծագործողի համար երկարատեւ լռությունը վտանգավոր է,  ինչի  շուրջ էլ  ծավալվեց  զրույցը:

-Լոնդոնում ուսումս ավարտելուց հետո, երբ վերադարձա` նոր էներգիայով լի, ուզում էի նորից ստեղծագործել, բայց, ճիշտն ասած, խորը հիասթափություն ապրեցի իմ հայրենիքում: Շատ բան էր փոխվել այդ ժամանակահատվածում, ինչ-որ առումով ինձ համար ամեն ինչ նոր էր, երեւի թե, դա էր պատճառը, որ մի քիչ հետ քաշվեցի: Չեմ ասի` վախեցա, բայց, երեւի, կոպիտ ասած, զզվեցի իրականությունից:

- Այսինքն` պետք էր գնալ երկրից դուրս, վերադառնալ ու նո՞ր տեսնել իրականությունը:

- Պարզապես, մինչ այդ, գոնե կային երաժիշտներ, որոնք ստեղծագործում ու աշխատում էին, իսկ նրանք այսօր Հայաստանում չեն, մնացել են քիչ արվեստագետներ, որոնք իրենց կյանքի գնով ուզում են ստեղծել ինչ-որ բան, բայց հարց է` դա արդյո՞ք պետք է ինչ-որ մեկին: Իրականում Հայաստանի իմ գործունեությունն է դադարել. ոչ միայն ես, այլեւ շատ երգահաններ ու երգիչներ դադարեցրին համերգային ծրագրերն ու ակտիվ գործունեությունը Հայաստանում: Չեն թողարկվում ձայնասկավառակներ, թողարկվածներն էլ` մատների վրա կարելի է հաշվել, այս առումով Հայաստանը լճացման փուլում է:

- Դրա համա՞ր են ասում, թե շոու-բիզնեսը Հայաստանում «մեռել» է:

 

- Անձամբ ազդարարում եմ, որ հայկական շոու-բիզնեսը «մեռել» է, ու մոտակա ժամանակներս, հավանաբար, թաղումն է լինելու, որովհետեւ այսօր իրոք չեմ տեսնում որեւէ ակտիվություն, որ կարող է խոսել հայկական շոու-բիզնեսի գոյության մասին: Եթե մինչ այդ հույս կար, որ ինչ-որ առաջխաղացում կլինի, ապա այսօր դա էլ չկա: Հայկական շոու-բիզնեսը սահմանափակվում է մի քանի հեռուստանախագծերով եւ ավարտվում «Եվրատեսիլ» կոչված աղբով: Ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչ երաժշտություն է ստեղծվում, շոու-բիզնեսն այսօր ռեստորաններում է, ակումբներում, ամենուր, բացի այնտեղից, որտեղ պիտի լիներ:

- Ի՞նչը բերեց այս վիճակին:

- Առհասարակ, արվեստը հասարակության արտացոլանքն է: Այսօր մեր հասարակությունը շատ խորը հոգեբանական ճգնաժամային վիճակում է, բնականաբար, այդ տրամադրությունը փոխանցվել է արվեստագետներին, երգահաններին, երաժիշտներին: Եթե մինչ այդ ստեղծում էինք ու ակնկալում հանդիսատեսի որեւէ արձագանք, համակրանք, սեր, գոնե հետաքրքրություն, այսօր դա էլ չկա: Համացանցի ու մնացած այլ ժամանակակից միջոցների զարգացման փուլում հետ մղվեց այս ամենը, որովհետեւ դարձավ շատ մատչելի, ու այլեւս բացարձակ կարեւոր չէ համերգի տոմս գնել, որ լսես քո սիրած երգչի նոր երգը կամ ձայնասկավառակ գնես: Երգը վայրկյանների ընթացքում հայտնվում է համացանցում ու մատչելի դառնում: Ով մի փոքր ջանք գործադրի, կարող է վիրտուալ իրականությունում իրեն «աստղ» կոչել: Այսինքն` որքան շատ հիմար գրառումներ անես ու որքան այն տարբեր` այս կամ այն անիմաստ կայքերում հայտնվի, կարող ես քեզ արդեն «աստղ» համարել` ունենալով 1-2 երգ: Շոու-բիզնեսում փոխվեց հաջողության հասնելու այն ճանապարհը, որը կար տարիներ առաջ: Այն ժամանակ պետք է մեծ աշխատանք անեիր, որ անուն, ճանաչում ձեռք բերեիր: Իսկ այսօր ընդամենը պետք է ունենալ ծանոթներ կամ գումար, որպեսզի մի քանի կայքերում քեզ գովազդես, կարեւոր չէ` լավ թե վատ, կարեւորը, որ գովազդես ու դառնաս «ճանաչված»:

 

Առավել  մանրամասն`  այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее