▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր հիվանդանոցը գոմից սարքել ենք արքայական պալատ. Արցախում տեղի ունեցած աղմկահարույց պատմության հետքերով

Օրեր առաջ մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Արցախի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն առաջիկայում նշանակվելու է պետնախարար, որն իր կարգավիճակով հավասար է փոխվարչապետի պաշտոնին: Արայիկ Հարությունյանի` նոր պաշտոնին անցնելուն նախորդել է տհաճ միջադեպ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին  բարերար Արթուր Վարժապետյանի նվիրաբերած մեքենաները հանձնվեցին տարբեր անձանց Արցախի Հանրապետությունում։ Asekose.am-ն իր ընթերցողներից մեկից նամակ էր ստացել, որում նշվում էր, որ Արայիկ Հարությունյանը բարեխոս դարձավ, որ հիվանդանոցի համար նախատեսված ուազ մակնիշի մեքենան փոխվի ու դառնա իր սիրելի սանիկի մոր` Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի հիվանդանոցի տնօրենի` Լուսինե Սարգսյանի անձնական օգտագործման համար «Նիվա» մակնիշի մեքենա: Նամակում նշված էր, որ հենց միջոցառման ժամանակ Լուսինեն մոտեցել է ու հիվանդանոցի համար նախատեսված ուազի բանալիները փոխել «Նիվա» բանալիների հետ, որը պետք է անձամբ ինքն օգտագործի։

Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով Asekose.am-ը զրուցել է Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի տեղամասային հիվանդանոցի վարիչ Լուսինե Սարգսյանի հետ:

«Դա սուտ է: Դա ուղղված չի եղել մեր Քաշաթաղի հիվանդանոցին, իմ կարծիքով` դա ուղղված է եղել ամբողջ Քաշաթաղի շրջանին: Քաշաթաղի կառավարությունը երբեք ոչ արդար և ոչ անիրական որոշում չի կայացրել»,- ասաց մեր զրուցակիցը` հերքելով վերոնշյալ տեղեկությունը:

Հիվանդանոցի վարիչը մեզ հետ զրույցի ընթացքում պարզաբանեց տեղի ունեցածը:

«Մեքենաները չեն անհետացել: Քաշաթաղն այնքան արդար մարզ է` իր կայունությամբ և ընտանեկան ջերմությամբ, որ այստեղ բազմաթիվ մարդիկ են եկել վերաբնակեցման նպատակով: Հիվանդանոցի համար ի սկզբանե նախատեսված է եղել «Նիվա» մակնիշի մեքենա, որն էլ հիվանդանոցը ստացել է: Թյուրիմացություն է տեղի ունեցել: Նախագահ Բակո Սահակյանը Կովսականի հիվանդանոցին շտապօգնության մեքենան տվել է ընդամենը 3 տարի առաջ: Հիվանդանոցը շտապօգնության մեքենայի կարիք չի ունեցել, մենք ուզել ենք ծառայողական մեքենա: Մեր հիվանդանոցը գոմից սարքել ենք արքայական պալատ»,- պատմեց մեր զրուցակիցը:

Վերջինս, անդրադառնալով նրան, որ Արայիկ Հարությունյանն իր դստեր կնքահայրն է, և ինքն օգտագործում է քավոր-սանիկ հարաբերություններն անձնական ինչ-ինչ հարցեր լուծելու նպատակով, նշեց.

«Քավոր-սանիկ հարաբերությունը սուտ է, ո՞վ է նման բան ասում, կամ ի՞նչ գործոն ունի դա: Ես արդեն 17 տարի է` աշխատում եմ Կովսականում: 2001 թվականից ապրում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Իշխանաձոր  գյուղում: Երկար ու ձիգ տարիներ ես իմ անձնական մեքենան օգտագործում եմ Քաշաթաղի բնակիչների համար, իմ Քաշաթաղի վերակառուցման համար: Ես նվիրյալ մարդ եմ իմ կյանքով  ու ընտանիքով: Անձնական շահերը ոչ մեկին չեն վերաբերում, այստեղ որևիցե գործոն չի կարող լինել, թե ես ում սանիկն եմ, ով ում քավորն է: Եթե նման տեղեկություն են հավաքում, թող առաջինն իրենց անձի մասին հավաքեն, դա իմ աշխատանքում որևէ հարց չի կարող փոխել կամ շարժառիթ հանդիսանալ իմ որևիցե գործողության համար: Լուսինեն երբեք հիվանդին չի վնասել իր գլուխը գովալով կամ «беспредел» քայլեր անելով: Ես Քաշաթաղի ծառան եմ, իմ բնակչի ծառան եմ: Երբ ինձ այսօր շնորհավորում են մեքենայի կապակցությամբ, ես յուրաքանչյուրին ասում եմ` սա ձեր վաստակն է»:

Մեր զրուցակցի կարծիքով` այս ամեն հետևում կանգնած է մեկը, ով տեղյակ չէ ոչնչից, և փորձում է լավ գործի հետևում էլ վատը տեսնել:

«Նախանձն է խոսում մարդկանց մեջ, ովքեր փորձել են խաղալ իմ անվան հետ: Չեմ կարող ասել, թե սա ում ձեռքի գործն է, որովհետև ես թշնամիներ չունեմ: Ծննդաբերությունից 3 օր հետո ես ծառայել եմ Քաշաթաղին, ծննդաբերել եմ ճանապարհին`մեքենայի մեջ` հանուն քաշաթաղցու բարօրության, քանի որ խիստ դեպրեսիայի մեջ էի` կապված մահացու հիվանդներից մեկի մահվան հետ: Քաշաթաղը մի մեծ ընտանիք է, մենք բոլորս նրա ծառաներն ենք»,-Aseksoe.am-ի հետ զրույցում նշեց Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի տեղամասային հիվանդանոցի վարիչ Լուսինե Սարգսյանը:

Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը Asekose.am-ի հետ զրույցում նույնպես հերքեց տեղեկությունը` նշելով հետևյալը.

«Այս տեղեկատվությունը, բնականաբար, սուտ է: Վարչապետը որևէ միջամտություն չունի այն գործին, թե Արթուր Վարժապետյանի կողմից որ մեքենան ում է տրվել, առավել ևս`եթե կառավարության կողմից խորհուրդ  է տրվում, որ այս պետական մարմինը կամ այս հիվանդանոցը կարիք ունի մեքենայի: Դա տրվում  է շրջանի տվյալ կառույցին, այլ ոչ թե անձին: Այս մեքենան  էլ տրվել է Կովսականի հիվանդանոցին: Գլխավոր բժիշկն այս դեպքում, բնականաբար, իրավունք չունի այն իր անձնական նպատակների համար օգտագործելու»:

Հեղինակ` Ա. Մաթևոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее