Սեպտեմբերի 13-ին մեկնարկել է «Ավագ դպրոցի ստարտափ» ծրագիրը Երևանի 4 ավագ դպրոցի աշակերտների համար:
Ծրագիրն իրականացնում է «Երիտասարդների հզորացման և զարգացման ինստիտուտ»-ը ԱՄՆ Պետքարտուղարության Հասարակայնության հետ կապեր գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:
Ծրագիրը կազմված է ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության պրակտիկ պարապմունքներից ավագ դպրոցականների համար:
Ավագ դպրոցի ստարտափ ծրագրի բացումն արեց քրաուդֆանդինգի (crowdfunding)-ի մասնագետ Նարեկ Վարդանյանը:
Նրա վերջին արշավը՝ Volterman Smart Wallet, 45 օրում հավաքել էր 1,200,000 ԱՄՆ դոլար:
Հայաստանի ամերիկյան համալսարանի աջակցությամբ Երևանի թիվ 115, 159, 30 և 127 դպրոցներից 120 աշակերտներ հյուընկալվել էին Մանուկյան դահլիճում և լսում էին անհավանական թվացող թվերի և աշխարհի մասին, որը գոյություն ունի հենց իրենց կողքին՝ ստեղծված իրենց նման երիտասարդների կողմից:
Ծրագրի ընթացքում աշակերտները քայլ առ քայլ կծանոթանան և մի գուցե նաև մուտք գործեն հաջողակ հայ երիտասարդների այդ աշխարհը:
Ծրագրի ղեկավար Լիլիթ Ղազարյանի համոզմամբ՝ «պետք է փորձել լավագույնը լինել այն ոլորտում, որն ընտրում ենք որպես մասնագիտություն:Կարևորը մասնագիտական որակն է»:
Այս նախաձեռնությունը նաև շատ լավ հնարավորություն է մասնագիտական կողմնորոշման համար:
Առաջիկայում աշակերտները հնարավորություն կունենան հանդիպելու հայկական հաջողակ ստարտափների հիմնադիրների և ղեկավարների, այցելելու նրանց աշխատավայրերը, ոգեշնչվելու և օրինակ վերցնելու:
Նրանք պետք է նաև ստեղծեն իրենց «ավագ դպրոցի ստարտափները»:
Ծրագրի ավարտին բոլոր դպրոցներում ստեղծված ստարտափները կմրցեն միմյանց հետ, իսկ հաղթողը կֆինանսավորվի, որպեսզի իրականացնի իր բիզնես գաղափարը: