«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Կոտայքում հոկտեմբերի 12-ին չորս մարդու կյանք խլած տղամարդը, որն արդեն 15 տարի որսորդմիության անդամ է և վերջին տարիներին որսորդական հրացան է ունեցել, անմեղսունակ է ճանաչվել և կարող է խուսափել պատասխանատվությունից։
61-ամյա տղամարդը ՔՊ-ական է։ Նա անգամ ՔՊ գրասենյակից ստացված զանգի հիման վրա Կոտայքից իր մի քանի համագյուղացիների հետ, մեքենայով գնացել էր Գյումրի՝ աջակցելու Սարիկ Մինասյանին ընտրությունների ժամանակ: Դատահոգեբուժական փորձաքննությամբ նշվել է, թե Թադևոս Հովակիմյանն ունի «զառանցական խանգարում» և որ դեպքի ժամանակ արարքները կատարվել են՝ զառանցական ապրումների ազդեցության ներքո, ինչը զրկել է նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու հնարավորությունից, չի կարող հաշիվ տալ իրեն կատարած արարքների համար և ղեկավարել դրանք։ Փորձաքննությամբ նշվել է, որ անձը սոցիալապես խիստ վտանգավոր է, ուստի կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության՝ հոգեբուժական բաժանմունքում։
Ուշագրավ է, որ անմեղսունակ ճանաչված անձը 15 տարի որսորդմիության անդամ է, երկու տարի առաջ ձեռք է բերել հրացան, ունի նաև վարորդական իրավունք, թե ինչպես է անձը հաղթահարել հոգեբանական համապատասխան թեստերը՝ զենք գնելիս կամ վարորդական իրավունք ձեռք բերելիս՝ պարզ չէ:
Տղամարդը ցուցմունքներում պատմել է, թե իր հարևանի հետ արդեն 20 տարի չի շփվել, չեն բարևել միմյանց, իրենց հարաբերությունները վատացել են՝ վերջինիս ամուսնությունից հետո։ Մեղադրյալը ցուցմունքներում հաստատել է, որ իր հարևան ամուսններին դիտավորությամբ է սպանել, մասնավորապես, մոտեցել է գազար հավաքող հարևանին՝ թիկունքից, սպանել է դիտավորությամբ, կրակելուց հետո մոտեցել և ևս մեկ անգամ է կրակել՝ գլխին, իսկ կնոջն իբրև սպանելու ցանկություն չի ունեցել։
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ հոկտեմբերի 12-ին։ Տղամարդը նախ սպանել էր Արամուսի դաշտերում գազար հավաքող ամուսիններին, որոնց գտնվելու վայրը պարզել էր հեռախոսազանգի միջոցով, հետո էլ սպանել է մյուս զգույգին։ Ընդ որում՝ չարագործի զոհերից մեկը բնակվում է արտերկրում եւ վերջերս էր եկել Հայաստան, իսկ դեպքի օրն էլ իր ծանոթի հետ գնացել էին բնության գրկում հանգստի։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում


