«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը երեկ «ՀԺ»-ի խնդրանքով մեկնաբանել է ԵԽԽՎ-ում իր եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաեւ անդրադարձել է ԵԽԽՎ-ում «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցին իր քվեարկությանը: Հիշեցնենք, Եսայանը կողմ էր քվեարկել այդ զեկույցին, որից հետո Նաիրա Զոհրաբյանը հենց ԵԽԽՎ նիստերի դահլիճում նրան մի քանի քաղցր խոսք էր ասել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակությունը բողոք է ներկայացրել Զոհրաբյանի դեմ, եւ այն կարող է ընթացք ստանալ:
«Նաիրա Զոհրաբյանը ինձ հայհոյեց եւ սպառնաց։ Մեր պատվիրակությունը գանգատ ներկայացրեց նախագահությանը։ Տեղեկացրեցին արածների մասին։ Պատժամիջոցներ պետք է գործադրվեն իր դեմ: Նաիրա Զոհրաբյանը պիտի զգուշացվի: Մեզ հայտնեցին, որ ապրիլին՝ ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի ընթացքում նա կարող է ներողություն խնդրել»,- տեղի ունեցածն այսպես է ներկայացնում Եսայանը։
Վերջինիս կարծիքով՝ ընդդիմադիր պատգամավոր Զոհրաբյանը անվայելուչ պահվածք ունի, ինչը Հայաստանի պետականությանն անվայել է:Ինչ վերաբերվում է ադրբեջանամետ բանաձեւին իր կողմ քվեարկելուն, ապա, Եսայանի կարծիքով, այդ բանաձեւն ունի մարդասիրական բնույթ:
«Ես քվեարկել եմ՝ հետեւելով իմ խղճի ձայնին։ Այնտեղ ընդունված զեկույցը ունի մարդասիրական բնույթ։ Ես պարտավոր չեմ հաշիվ տալ իմ քվեարկության համար: Որեւէ անձից ազգային պատկանելության հիման վրա վերաբերմունք ակնկալելը ցեղապաշտություն է։ Ես Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր եմ ու սխալ եմ համարում նման ակնկալությունները։ Ես այդ քվեն չեմ տվել Թուրքիայի պատվիրակության անդամներից մեկը լինելու պատճառով, այլ քվեարկել եմ իմ ազատ կամքով»,- հայտարարում է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը։
Երեկ, երբ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է ասել Եսայանին, նա ասաց. «Եթե Մարգար Եսայանը թույլ է տվել իրեն՝ այդքան անկեղծանալ, կարող եք իրեն հարցնել, թե ինչ եմ ասել ես: Ես որեւէ պարտավորություն չունեմ նշյալ հարցի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնելու»:
Մեր հարցին՝ Մարգար Եսայանը բողոք է գրել ու ներողություն է ակնկալում, նրանից ներողություն կխնդրե՞ք, Զոհրաբյանը պատասխանեց. «Մարգար Եսայանը նույնիսկ իր ամենաերկնագույն երազում չի կարող ակնկալել եւ տեսնել, որ ես իրենից ներողություն խնդրեմ, իսկ որ ինքը բողոք է գրել, դա արդեն իսկ ակնհայտ է թուրքական պատվիրակության եւ ԵԽԽՎ թուրք լոբբիստ նախագահի գործողություններից»:
Անդրադառնալով Եսայանի հայտարարությանը, որ Ուոլթերի բանաձեւն ունի մարդասիրական բնույթ, Զոհրաբյանն ասաց. «Եթե Ղարաբաղը Ադրբեջանի տարածք համարելը, եթե Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը արհամարհելը, այնտեղի ժողովրդի ազատության իրավունքի վրա թքած ունենալը Եսայանը համարում է մարդասիրություն, ուրեմն ես պատրաստ եմ ապրիլյան նստաշրջանում Մարգար Եսայանին ասել այն, ինչ ասել եմ հունվարյան նստաշրջանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում