▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մախաթը` պարկում. «Ժողովուրդ»

ՀՀ արտգործնախարարությունը  տեւական ժամանակ  փակ ձեւաչափով ընթացող բանակցությունների արդյունքում կազմված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը հանրայնացնելու ավելի լավ ձեւ չի գտել, քան այն «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը տրամադրելը, ընդ որում` ռուսերենով:

Սա առավել քան տարակուսելի է, քանզի ստացվում է, որ  այս կարեւորագույն պայմանագրին ծանոթանալու համար լրատվամիջոցները եւ  ՀՀ քաղաքացիները  պետք է  այցելեն ոչ թե ՀՀ ԱԳՆ կայքէջ, այլեւ վստահեն  մի հասարակական կազմակերպության մատուցած տեղեկատվությանը: Կասկածի տակ չդնելով այդ  կամ, առհասարակ, որեւէ Հ/Կ-ի  գործունեության ազնվությունը (իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» Հ/Կ հետեւողականությունը` պայմանագրի հրապարակման ուղղությամբ, հատուկ ողջունելով)  նկատենք, որ ԱԳՆ-ի նման գործելաոճը պարզապես անթույլատրելի  է պետական, ինստիտուցիոնալ տեսանկյունից:

Ինչեւէ. հարկադրված լինելով հիմք ընդունել նշված ձեւաչափով եւ ոչ հայերենով ներկայացված պայմանագիրը, վերջնականորեն համոզվեցինք, որ ԵՏՄ-ին անդամակցության դեպքում Հայաստանի համար սահմանված արտոնությունները, մեղմ ասած, սպասվածից քիչ են, եթե չասենք` իսպառ բացակայում են: Հենց նույն ավտոմեքենաների ներկրման` այնքան չարչրկված հարցի հետ կապված, պայմանագրի հրապարակված նախագծում ամրագրված է ոչ թե Սերժ Սարգսյանի ասած` հինգ կամ տասը տարին, այլեւ նվազագույն` երեք տարվա շեմը:

Թեեւ`  երեկ հրապարակված պայմանագրի նախագծի վերաբերյալ ավելի հիմնավոր կարծիք հայտնելու համար հարկ է այն ուսումնասիրել մանրամասն եւ մասնագիտորեն: Սակայն ողջ խնդիրն էլ հենց այն է, որ Հայաստանի հանրությունն ու քաղաքական դաշտը` այդ թվում եւ` իշխանական, զրկված են եղել նման հնարավորությունից, եւ պայմանագրի` նախանշված ստորագրումից ընդամենը մի քանի օր առաջ արվելիք վերլուծություններն ու եզրակացությունները ճաշից հետո մանանեխի նման  կլինեն:

Եվ հենց այս իմաստով ՀՀ ԱԳՆ-ն եւ բոլոր այն գերատեսչությունները, որոնք ներգրավված էին այս պայմանագրի մշակման գործում, իրենց առաքելությունը փայլուն կատարեցին: Այլ բան է, որ  անգամ ոչ իշխանական քաղաքական ուժերն այդ գործում նրանց  խանգարելու  որեւէ փորձ չարեցին, եւ այդ պարտականությունը հերթական անգամ մնաց լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների վրա, որոնցից «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, ի վերջո, հաջողեց` դատական ատյաններին դիմելու գնով:

Իսկ լրատվամիջոցներն իրենց ամենօրյա աշխատանքի գերարագ ռիթմում ստիպված են հանդուրժել ԱԳՆ չինովնիկների խայտառակ գործելաոճը, երբ անգամ ամենահրատապ եւ կարեւորագույն հարցերի  դեպքում նրանք հնչեցնում են գրավոր դիմելու պահանջ` ասելիքի բացակայությունը առժամանակ քողարկելու ապարդյուն մղումով:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее