«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 4 կուրսանտներ, սպանելով իրենց ծառայակից Հայկազ Բարսեղյանին, նախ՝ ուսումնարանի բակում փոս են փորել՝ ցանկանալով թաքցնել դին, սակայն ավելի ուշ ինքնասպանության դրվագն են ծրագրել:
Հիշեցնենք, որ թեեւ հայոց բանակի կազմավորման 23-ամյակի առիթով ուժեղացված հսկողություն էր սահմանված ՀՀ ՊՆ բոլոր զորամասերում, այնուամենայնիվ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, կարծես թե, այնքան էլ ուժեղ հսկողություն չի եղել: Այդ մասին երեկ ակամայից խոստովանել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա ասել է, թե. «Ոգելիչ խմիչքների օգտագործում է եղել, այնուհետեւ նկատողություն էր արել, որ պետք է պահպանվի էթիկայի նորմերը՝ սնունդ ընդունելու ժամանակ: Վիճաբանություն է ծագել Հայկազ Բարսեղյանի եւ այլ կուրսանտի միջեւ: Եղել է ծեծկռտուք, որը վերածվել է սպանության»: Նախարարն, իհարկե, ասել է, թե կատարվածի հետեւանքով ռազմական ինստիտուտի մոտ 30 աշխատակից կազատվի աշխատանքից, այնուամենայնիվ, այնպիսի հանգստությամբ է խոսել, կարծես թե ինքը չէ ՀՀ ՊՆ աշխատանքների կազմակերպման պատասխանատուն: Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հունվարի 29-ին հայտարարություն տարածեց, թե առավոտյան ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում՝ որպես նախնական վարկած տալով ինքնասպանությունը: Մինչդեռ հենց հաջորդ օրը պարզվեց սարսափելին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված օրը Հայկազ Բարսեղյանը Մովսես Ազարյանի, Նորիկ Սահակյանի, Գնել Թեւոսյանի, Վաչե Սահակյանի հետ տղաներից մեկի ծննդյան տարեդարձ են նշել ինստիտուտի ճաշարանում: Նրանք ալկոհոլ են օգտագործել, իսկ ավելի ուշ Հայկազը տղաներից մեկին «չփչփացնելով» հաց ուտելու համար նկատողություն է արել, որն էլ ճակատագրական է դարձել նրա համար: Սկսվել է լեզվակռիվ, իսկ ավելի ուշ որոշել են քննարկումը շարունակել իրենց ննջասենյակում, սակայն այնտեղ կրքերն ավելի են թեժացել, եւ տղաների միջեւ սկսվել է ծեծկռտուք: Վերջիններս հասկանալով, որ չեն կարողանում «կոտրել» Հայկազին, որոշել են կտրել նրա ձեռքի երակները, ինչի արդյունքում Հայկազը ուշագնաց է եղել: Տղաները, տեսնելով նրան անշնչացած, հասկացել են, որ մահացել է, եւ գիտակցելով կատարվածի լրջությունը՝ որոշել են թաքցնել դիակը:
Նրանք նախ ուսումնական զորամասի բակում փոս են փորել, որ տղայի դին թաքցնեն, սակայն հասկանալով, որ այդ կերպ կբացահայտվի, թե ովքեր են կատարել հանցագործությունը, որոշել են ինքնասպանության տարբերակը կազմակերպել՝ կարծելով, թե այդպես «ջրից չոր դուրս կգան»:
Եւ այս ընթացքում զորամասում չի եղել որեւէ պատասխանատու, որ ձայներ լսած լինի. ի վերջո, տղաները Հայկազի դին տարել, հասցրել են մարզահրապարակ ու կախել այնտեղ: Այսինքն՝ ուսումնական հաստատության ղեկավար Մարտին Կարապետյանը, որն ըստ պաշտպանության նախարարի՝ պրոֆեսիոնալ զինվորական է, չի տիրապետել իրավիճակին:
Ավելին՝ մեզ լուրեր հասան, որ Մ. Կարապետյանի 4 տեղակալներն ուսումնարանում ունեն իրենց «մաֆիան», եւ փորձում են իրենց կանոնները թելադրել, իսկ ղեկավարն անկարղ է նրանց դեմ ոչինչ անել: Ու, թերեւս, պատահական չէ, որ կուրսանտին դաժանաբար սպանածների մեջ է եղել նաեւ Գնել Թեւոսյանը, որը զորամասի պետի սպառազինության գծով տեղակալ, կոչումով գնդապետ Զարմիկ Թեւոսյանի որդին է:
Իսկ եթե 2013թ. պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ստորագրեր Մարտին Կարապետյանի հրաժարականի դիմումը, որը գրել էր ուսումնական հաստատությունում տեղի ունեցած սպանության առիթով, գուցե երկու տարի անց ուսումնարանում չխորանար ամենաթողության մթնոլորտը, եւ արդյունքում էլ չլիներ այս դաժան սպանությունը:
ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում