▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարգարյան հիվանդանոցի դեպքը հասել է Եվրադատարան.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգեր է ստանում այս կամ այն հիվանդանոցում գրանցված մահվան դեպքերի մասին:

Պարզվում է՝ դեռեւս 2011թ. մարտի 23-ին «Մոր եւ Մանկան» առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, որը առավել հայտնի է Մարգարյան հիվանդանոց անունով, դարձյալ կանացի խնդրով (արգանդի միոմա) վիրահատության ենթարկված, իսկ հաջորդ օրը մահացած 53-ամյա Թերեզա Սիմոնյանի հարազատները կատարվածի համար դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Մեր խմբագրություն դիմած քաղաքացի Հենրիկ Կարապետյանը պատմեց, որ իր կնոջը 2011 թվականի մարտի 22-ին Մարգարյան հիվանդանոցում արգանդի միոմայի վիրահատության են ենթարկել. «Հաջորդ օրը՝ մարտի 23-ին, կնոջս վիճակը վատացավ, եւ նա մահացավ:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` կնոջս մահը վրա է հասել ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացումով պայմանավորված թոքերի անոթների թրոմբոէմբոլիայով: Ասել է թե՝ կնոջս տրոմբը պոկվել եւ խցանել է անոթները: Նախաքննական մարմինը կնոջս ստորին վերջույթների վարիկոզ լայնացման առկայության պարագայում արգանդի վիրահատություն նպատակահարմարության մասին համապատասխան հարցադրում էր կատարել դատաբժշկական փորձաքննություն իրականացնողներին, սակայն փորձագիտական եզրակացությամբ նշված հարցին, ըստ էության, անդրադաձ չէր կատարվել, եւ էական նշանակություն ունեցող հանգամանքը մնացել էր չպարզաբանված: Հետեւությունն այն է, որ բժիշկները տեղյակ չէին կամ չէին ցանկացել տեղյակ լինել, որ կինս տրոմբ ունի: Իսկ, ահա, նա 2007 թվականից տրոմբ է ունեցել, եւ իրենք պարտավոր էին իմանալ եւ նրան վիրահատության չենթարկեին»:

Ըստ Հենրիկ Կարապետյանի՝ կնոջը վիրահատած բժիշկներ գինեկոլոգիայի բաժնի վարիչ Սիրանուշ Կիրակոսյանը, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ Սոնյա Երեմյանը, Իրինա Կարապետյանը, Գրիգորի Օկոեւը, որը հիվանդանոցի տնօրեն Գեւորգի Օկոեւի որդին է, եւ ցավազրկման բաժնի վարիչ Սարգիս Բարսեղյանը իրավապահներին բացատրություններ են տվել այն մասին, որ Թերեզա Սիմոնյանին ցույց են տվել անհրաժեշտ բժշկական օգնություն եւ ճիշտ են կազմակերպել նրա վիրահատական գործընթացը: Տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնի քննչական բաժնում, իհարկե, նյութեր էին նախապատրաստվել, իսկ ավելի ուշ Կենտրոնի քննչական բաժնում տեղի ունեցած մահվան դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել էր: Տեղեկացնենք, որ մահացած կնոջ ամուսինը բազմաթիվ քայլերի է դիմել, Հայաստանյան գրեթե բոլոր դատական ատյաններով անցել է, պահանջել մի շարք փորձաքննություններ նշանակել, սակայն այդպես էլ չի կարողացել ապացուցել, որ իր կնոջ մահվան մեջ պատասխանատու են բժիշկները: Եւ, ահա, այս դեպքից անցել է 4 տարի, սակայն Թերեզայի ամուսինը ձեռնունայն չի նստել եւ դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ու հիմա սպասում է ՄԻԵԴ-ի պատասխանին. «Եվրոպական դատարանից ինձ պատասխան է եկել, որ դիմումը ստացել են եւ այն քննության կառնեն եւ, առհասարակ, ինձ տեղի ունեցող պրոցեսների մասին տեղյակ կպահեն»: Ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք զրուցել «Մոր եւ Մանկան» առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոեւի հետ:

Ընդունարանից մեզ հայտնեցին, որ Գեորգի Օկոեւը արձակուրդից նոր է վերադարձել եւ շատ զբաղված է: Փորձեցինք կապ հաստատել վերջինիս որդու՝ Գրիգորի Օկոեւի կամ հիվանդանոցի փոխտնօրեն Կարինե Առուստամյանի հետ, սակայն հիվանդանոցից հայտնեցին, որ Գեորգի Օկոեւի որդին արդեն մեկ տարի է, ինչ երկրում չէ, իսկ տիկին Առուստամյանը տեղում չէ: Ահա, այսպես օրեր շարունակ բազմազբաղ բժիշկներին հնարավոր չի լինում գտնել եւ պարզաբանումներ պահանջել, թե ինչ է կատարվում իրենց ղեկավարած բուժհաստատությունում:

Արդյոք Մարգարյան հիվանդանոցում 4 տարի առաջ իր կնոջը կորցրած Հենրիկ Կարապետյանը կկարողանա Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի միջոցով հասնել արդարության, դժվար է ասել: Կապրենք, կտեսնենք: Բայց փաստն այն է, որ ՀՀ առողջապահության ոլորտում խնդիրները օր օրի շատանում են, բժիշկների ու բուժհաստատությունների նկատմամբ վստահությունը պակասում է, սակայն ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շարունակում է լայն ժպիտով ցավակցել հիվանդանոցներում տարբեր պատճառներով մահացածների հարազատներին:

Հեղինակ՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ուշագրավ ակլ նյութեր՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее