Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը հերթական անգամ հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՃՈ նախկին պետի դեմ հայց է ներկայացրել ապօրինի կերպով ուրիշի գույքը վերցնելու համար:
Եվ այսպես, 2015 թվականի փետրվարի 26-ին Երեւան քաղաքի բնակիչ Մարինե Խաչատրյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանից պահանջելով ուրիշի գույքը ապօրինի տիրապետումից ազատել: Դատելով ստեղծված իրավիճակից՝ Մարգար Օհանյանը գույք է ձեռք բերել եւ, ահա, հայտնվել է գույքի իրական տերը եւ փորձում է այն հետ վերադարձնել: Չի բացառվում, որ Երեւան քաղաքի բնակիչ Մարինե Խաչատրյանը մինչ դատարան դիմելը փորձել է իր ձեռքում առկա փաստաթղթերով ապացուցել, որ Մարգար Օհանյանի ձեռք բերած գույքը իրեն է պատկանում, սակայն, ըստ էության, Մարգար Օհանյանը հրաժարվել է որեւէ բան վերադարձնելուց, եւ բանն այնտեղ է հասել, որ Մարինեն դիմել է օրենքին՝ այդ կերպ Մարգար Օհանյանին պարտադրելով գույքը վերադարձնել իրեն:
Ի դեպ, նկատենք, որ Մարինե Խաչատրյանը միայն դատարան դիմելով չի սահմանափակվել: Տեղեկացանք, որ վերջինս փետրվարի 27-ին միջնորդություն է ներկայացրել նույն դատարան՝ պահանջելով, որ Մարգար Օհանյանի որոշակի գործողություններ արգելվեն: Եվ, ահա, այս գործը նախագահող դատավոր Ալեքսեյ Սուքոյանը Մարինե Խաչատրյանի միջնորդությունը բավարարել է:
Սակայն Օհանյանը հրաժարվել էր իրեն վերագրվող մեղադրանքներից՝ ասելով, որ ինքը չէր կարող յուրացում կատարել, քանի որ դրա կարիքը չի ունեցել, ու այս ամենը իր գլխին սարքել են անձնական շահագրգռվածության հետեւանքով: Ավելին՝ վերջինս իր բանավոր ցուցմունքում նշել էր, որ այս ամենը զուգորդված է իր անունն ու բարի համբավը արատավորելու համար:
Իսկ թե իր դեմ Մարինե Խաչատրյանի դատական հայցը ինչի հետեւանք է. արդյո՞ք հերթական անգամ ցանկանում են իր համբավը արատավորել, թե նա իսկապես ապօրինի կերպով տիրացել է մեկ այլ քաղաքացու գույքին, ցույց կտան ժամանակը եւ դատարանի որոշումը:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում