nyut.am-ը գրում է. 2001-2008 թթ. ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ աշխատած, մաքսային ծառայության գեներալ-մայոր (բա՜) Արմեն Ավետիսյանը ութ տարի է` պետական պաշտոնյա չէ: Բայց նա, այսօրվա «ռաբիս» հասկացողությամբ, «էլիտար» արտոնյալներից է: Մենք չենք խոսի նրա շքեղ առանձնատան (որ բազմած է Մաշտոցի պողոտայի հարևանությամբ), Ծաղկաձորի սեփականությունների մասին: Մեզ պետք էլ չէ: Մենք կխոսենք մի փոքրիկ տարածքի մասին: Ուրեմն քաղաքի կենտրոնում` Մոսկովյան-Տերյան խաչմերուկում մի հետաքրքիր տեսարան կա: Մայթի ու ճանապարհի արանքում կանաչ տարածքն է, գազոնը` ծառերով: Բայց մի երեք-չորս մետր տարածք ոչ գազոն կա, ոչ ծառ: Այդ հատվածը գեղեցիկ, կարմիր գույնով սալահատակված է: Ընդհանուր ֆոնին աչքի է զարնում: Ինչո՞ւ է այդպես: Որովհետև հենց այդտեղ Արմեն Ավետիսյանի «օֆիսն» է: Ինչի՞ օֆիս է, կարևոր չէ: Ամեն օր ժամը 1800-ից հետո այդ գազոնի տեղը սալահատակ սարքած տարածքում կանգնում են 2-3 ավտոմեքենա` Ա. Ավետիսյանի ու իրեն ուղեկցողների ավտոմեքենաները: Այսինքն, ինքն իր համար քաղաքի կենտրոնում, գազոնի, ծառերի հաշվին ավտոկանգառ է սարքել: Ու կանգառի նշանն էլ փակցնել է տվել (տե´ս նկարները): Եթե կանգառի նշան է` այլ մեքենաներ էլ պիտի կանգնեն: Բայց` ոչ: Ոչ ոք իրավունք չունի այդտեղ կանգնել: Հապա մի փորձեք: Այդտեղ դատարկ է մնում, մինչև Ա. Ավետիսյանի մեքենաների գալը:
Բա ոնց, պրիստիժ է, մարդն իր համար կանգառ էլ ունի: Իրավունք չունի՞: Էդքան տարի պաշտոնյա է եղել:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում