«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Սվոչ» և «Էյֆֆել» հայտնի Ժամացույցների խանութների ցանցի սեփականատեր, ինչպես նաև «Ստալկեր» ֆիրմայի հիմնադիր սեփականատեր, 40-ամյա Գեորգի Մկրտչյանի ինքնասպանությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ»-ին:
Պարզվում է՝ ինքնասպան եղած գործարարի աշխատակիցները իրավապահներին հայտնել են, որ նա դեպքի առաջին օրն աշխատանքային հարցերի հետ կապված որոշ ծրագրեր թողել է երկուշաբթի օրվան՝ օգոստոսի 17-ին: Նկատենք, որ կամաց-կամաց փաստերի տեսքով հաստատվում է «Ժողովուրդ»-ի հրապարակած այն տեղեկությունը, որ ժամացույցների խանութի սեփականատիրոջ նկատմամբ անհարկի քրգործ է հարուցված եղել:
Նաև մեզ հասած տեղեկություններով՝ այս օրերին քննիչները հարցաքննել են նաև «Ստալկեր» ֆիրմայի մյուս բաժնետերերին, որոնք իրավապահներին հայտնել են, որ ընկերության կողմից իբրև թույլ տրված չարաշահումների փաստով ՀՀ ֆինանսների նախարարությունում քրեական գործ կա հարուցված, սակայն իրենք դա հիմնավոր չեն համարում և այդ հարցը վիճարկում են:
Բայց միաժամանակ նրանք նշել են, որ եթե հիմնավորվի չարաշահման փաստը, և իրենք չարաշահումների համար տուգանվեն, ապա դա այն խնդիրը չէր, որի համար Գեորգին ինքնասպան լիներ: Հիշեցնենք, որ Գեորգի Մկրտչյանի դին հայտնաբերել էին օգոստոսի 16-ի առավոտյան՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքներով: Նշենք, որ գործարարը նամակ էր գրել.
«Մամ ջան, պապ ջան… կներեք ինձ, ես պետք է գնամ, մի՛ մեղադրեք ոչ մեկին, ես եմ մեղավոր, մոլորվեցի: Հարազատներիս և ընկերներիս խնդրում եմ օգնել ընտանիքիս: Ում վնաս եմ պատճառել, կներեք, չնայած արժանի չեմ: Երեխեք ջան, հավատացեք՝ Աստված կա, ինձ գիտեմ՝ չի ների»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։