▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկապարտեզի սաները ցոգոլի՞ց են թունավորվել.«Ժողովուրդ»

Մոտ օրերս ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի մանկապարտեզի մոտ 11 սաներ հոսպիտալացվել էին: Այս պահին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն կենտրոնում բուժվում է երեք երեխա: «Ժողովուրդ»-ը գյուղապետ Կարեն Հովհաննիսյանից տեղեկացավ, որ երեկվանից ժամանակավորապես դադարեցվել է մանկապարտեզի գործունեությունը:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր հոսպիտալացվել 6 երեխա: Բոլորի մոտ եղել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն եւ ընդհանուր թուլություն: Ավելի ուշ հայտնաբերվել է եւս 5 հիվանդ երեխա: ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ հոսպիտալացված 11 երեխայից երեկ առավոտյան 5 երեխա լավացումով դուրս է գրվել հիվանդանոցից: «Ժողովուրդ»-ը  տեղեկացավ, որ Ալաշկերտ համայնքում կանխարգելիչ աշխատանքները եւ բակային համայցերը արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում են:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ալաշկերտի գյուղապետ Կարեն Հովհաննիսյանի հետ, ով փոխանցեց, որ մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է: «Երեխաները հավանաբար կեղտոտ են իրենց պահել եւ շփման միջոցով վարակել են նաեւ մյուսներին: Փոքրիկներին տարել են հիվանդանոց  եւ պարզվել է, որ աղիքային ինֆեկցիա է երեխաների մոտ ախտորոշվել: Սանէպիդկայանից ներկայացուցիչներ են եկել եւ մանկապարտեզի բոլոր սաների տներով շրջել են: Բոլորին ստուգել են ու հայտարարել են, որ լավ վիճակում են: Իսկ հոսպիտալցված երեխաները մանկապարտեզի փոքր խմբի սաներն են եղել»,- ներկայացրեց գյուղապետը:

«Ժողովուրդ»-ի այն հարցին՝ հնարավո՞ր է՝ մանկապարտեզի աղտոտվածությունից երեխաները վարակված լինեն, գյուղապետը պատասխանեց. «Մեծերի խումբը չի վարակվել: Մանկապարտեզից նույնպես նմուշառումներ են վերցրել, ոչ մի աղտոտվածություն եւ սննդային թունավորում չկա: Այլ՝ աղիքային ինֆեկցիա է, որը տարածվում է շփման միջոցով:  Հավանաբար իրենք իրենց տներում ցոգոլ են կերել եւ վարակվել են»: Գյուղապետի խոսքերով՝ բոլոր հնարավոր պետական կառույցներն իրենց կողմից ստուգումներ անցկացրել են: «Նույնիսկ մանկապարտեզի սառնարանում երեք օրվա հնության ճաշ է եղել, դա էլ են տարել ստուգել, պարզվել է, որ ոչ մի խնդիր չկա: Ինչ-որ մի ընտանիքից է եկել այդ վարակը»,- ենթադրեց մեր զրուցակիցը: 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее