▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահվան դեպք՝ պլաստիկ վիրահատության արդյունքում. «Հայկական ժամանակ»

«Երեկ՝ հունիսի 20-ին, վիրահատությունից երկու օր անց, Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում մահացել է 28-ամյա Մերուժան Ավետիսյանը։ Հարազատները համոզված են, որ երիտասարդը կյանքից հեռացել է բժիշկների մեղքով։ Նրանք, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչները՝ ավելի քան հարյուր հոգի, բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ Առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի (դիահերձարանի) մոտ», գրում է թերթը և շարունակում.

«Մերուժանի հարազատները լրագրողներին հայտնել են, որ նա գումար էր խնայել և որոշել պլաստիկ վիրահատության միջոցով ուղղել ծնոտը, որն ի ծնե ծուռ է եղել։ Երիտասարդն, ըստ նրա մահը սգացող հարազատների, երբեք որևէ հիվանդություն չի ունեցել։ Եվ նրանք հայտարարել են, թե պայքարելու են այնքան ժամանակ, քանի դեռ մեղավորները չեն ազատվել աշխատանքից ու ենթարկվել քրեական պատասխանատվության, որպեսզի հետագայում ևս մահվան պատճառ չդառնան։ Հայտնել են նաև վիրահատող բժշկի անունը՝ Հայկ Ենոքյան։ Վերջինս «yerkir.am»–ի հետ զրույցում որոշ պարզաբանումներ է տվել։ «Այսօր մենք նախատեսում էինք վերակենդանացման բաժանմունքից նրան տեղափոխել պալատ։ Ցավոք, շատ տրագիկ և առայժմ անհասկանալի ձևով վրա է հասել անսպասելի մահը, որի հետ կապված մենք՝ մասնագետներով, հիմա քննարկում ենք և փորձում հասկանալ պատճառը։ Վիրահատությունը, կրկնում եմ, ընթացել է շատ հարթ՝ առանց որևէ բարդության, և մահը վրա է հասել երկու օր անց»,– ասել է Ենոքյանը՝ հավելելով, որ առայժմ չի ուզում պատճառների մասին ենթադրություններ անել և կարծում է, որ դատաբժշկական փորձագետները կտան այդ հարցի պատասխանը։

 

Բժշկի հավաստմամբ՝ վիրահատությունից հետո երիտասարդին են այցելել նրա հարազատները, կերակրելեն նրան, իսկ հիվանդն ասել է, որ իրեն լավ է զգում։ «Անսպասելի և գործնականում անհայտ պատճառներով կտրուկ մահ է վրա հասել, այսինքն՝ դա եղել է հաշված րոպեների ընթացքում, և հերթապահ բժիշկը չի հասցրել կողմնորոշվել, թե ինչ է կատարվում»,– հայտնել է նա։ Երեկ Մերուժան Ավետիսյանի հարազատներն այցելել են ոստիկանություն ու հաղորդում տվել մահվան փաստի մասին, ինչի առթիվ արդեն նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն։ Ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, ապա դրանք հայտնի կլինեն 20 օրից»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее