▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂՀ ազատամարտիկին ծեծել են դիմավորելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատամարտիկ Մխիթար Ավետիսյանին տարել են դեպքի վայր, որպեսզի վերջինս պատմի, թե ինչպես են հունվարի 31-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի մոտակայքում անհայտ անձիք ծեծի ենթարկել իրեն:

 

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը Արցախում պետք է ավտոերթ իրականացներ: Ղարաբաղի ազատամարտիկներ Մխիթար Ավետիսյանը եւ Քերոբ Ղազարյանը որոշել էին դիմավորել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, սակայն Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի մոտակայքում անհայտ անձանց կողմից ծեծի էին ենթարկվել: Նրանց տեղափոխել էին Ստեփանակերտի հիվանդանոց: Իսկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին էլ ծեծի էին ենթարկել Բերձորի ճանապարհին:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ ազատամարտիկ Մխիթար Ավետիսյանը պատմեց, որ իրենց ծեծի ենթարկողները որեւէ բան չեն ասել, անգամ չեն ասել՝ հետ գնացեք կամ այլ բան, միանգամից հարձակվել եւ ծեծի են ենթարկել. «Մեզ ծեծի ենթարկողները քաղաքացիական հագուստով էին, ոստիկանները չկային: Չէինք ճանաչում ոչ մեկի, իսկ մենք ընդամենը գնում էինք դիմավորելու «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, որոնց համակրում ենք»:

Ըստ մեր զրուցակցի՝ չնայած քրեական գործ է հարուցվել, եւ իրեն երեկ դեպքի վայր են տարել, սակայն, ըստ նրա, այս գործը կբացահայտվի միայն ռեժիմը փոխվելուց հետո: Ավելին՝ Մխիթար Ավետիսյանը կիսում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի այն կարծիքը, որ այս ամենը կատարվել է Երեւանի Բաղրամյան 26-ի հրահանգով: Հարցին, թե կատարվածից հետո արդյո՞ք նրան ինչ-որ օղակներ հասկացրել են հեռու մնալ «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնությունից, Մխիթար Ավետիսյանը պատասխանեց. «Չեն համարձակվի նման բան անել: Մենք թույլ չենք տա այդպիսի տերմիններով մեզ հետ խոսեն: Նաեւ ձեզ ասեմ, որ իշխանություններն անիմաստ հայտարարություններ են տարածում, թե պետք չի իբր այս լարված իրավիճակում նման ավտոերթ իրականացնել, իրենց խորհուրդ կտայի, որ պետք չէ այս ժամանակահատվածում մարդկանց ծեծել, թալանել ու արտագաղթ կազմակերպել»,- նշեց ղարաբաղցի ազատամարտիկը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում քրեական գործեր են հարուցվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով` Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1966թ. ծնված Մխիթար Ավետիսյանի, Շուշի քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 9 շենքի N բնակարանի բնակիչ, 1957թ. ծնված Քերոբ Ղազարյանի, Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակիչներ` 1978թ. ծնված Մ. Բ-ին եւ 1966թ. ծնված Գ. Հ-ին ս.թ. հունվարի 31-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի մոտակայքում անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու փաստերի կապակցությամբ: Կատարվում է նախաքննություն:

 Նյութը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее